Պաշտոնավարման երկրորդ շրջանն սկսած Սերժ Սարգսյանը կարծես թե սկսել է վճռական քայլեր կատարել այդ պաշտոնի դե ֆակտո տերը դառնալու համար:
Խոսքն, իհարկե, քաղաքական և մասնավորապես իշխանական դաշտի համար դե ֆակտո տեր դառնալու մասին է: Հայաստանում, դատելով կառավարման մեխանիզմում ստվերային գործոնի գերակայությունից, դե ֆակտո նախագահություն ունենալու և իշխանություն պահելու համար բավարար է քաղաքական և հատկապես իշխանական համակարգում ունեցած լեգիտիմությունը: Իսկ դա Հայաստանում ձեռք է բերվում ուժով, ուժի մասին վկայող ապացույցներով: Հինգ տարի է, որ Սերժ Սարգսյանը փորձում է իր ուժը ցույց տալ թե՛ միջազգային քաղաքական կենտրոններին, թե՛ ներքաղաքական դաշտի և մասնավորապես ներիշխանական սուբյեկտներին:
Պետք է նկատել, որ միջազգային քաղաքական կենտրոններին ուժ ցույց տալու գործընթացը ավելի արդյունավետ է անցնում: Թեև այդտեղ դեր խաղաց այն, որ Հայաստանի համար ճակատագրական և իշխանությունից իրապես ուժ պահանջող գործընթացները արգելակվեցին աշխարհաքաղաքական դասավորության հետևանքով, և միջազգային կենտրոններին իր ուժի մասին հավաստիացնող Սերժ Սարգսյանը առայժմ հեռու է մնում մեր երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնելու հարցում այդ ուժի մասին գործնականում վկայելու անհրաժեշտությունից: Ներքաղաքական, հատկապես` ներիշխանական ասպարեզում Սերժ Սարգսյանը դեռ հեռու է ուժի մասին հավաստի և անքննելի վկայություններ համակարգին տրամադրելուց:
Բանն այն է, որ նրա նախագահության առաջին հինգ տարիների ներհամակարգային, ներիշխանական, ներգերատեսչական սկանդալներն ու հակադրությունները երևի թե ավելի շատ ու ցցուն էին, քան, ասենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության դե յուրե 10, իսկ դե ֆակտո` 7-8 տարիների նախագահության ընթացքում: Իսկ այդ հանգամանքը բազմաթիվ հարցեր է առաջացրել ներիշխանական համակարգի տարբեր սուբյեկտների մոտ, որոնք բնականորեն փորձում են երաշխիք ստանալ, թե արդյոք Սերժ Սարգսյանը տիրապետում է համակարգին և կարող է ապահովել իրենց անվտանգությունը համակարգի շրջանակում:
Ինչքան Սերժ Սարգսյանն ուշացնում էր իրավիճակին լիարժեք և ամբողջությամբ տիրապետելու վկայությունները, այդքան մեծանում էր ընտրական թոհուբոհում վերահսկողությունից դրա լրջորեն դուրս գալու վտանգը, քանի որ հասկանալի է, որ այդ թոհուբոհը զգալիորեն կնվազեցներ իրավիճակի վրա իշխանության կենտրոնի տոտալ և հարթ տիրապետության իրացումը: Հետևաբար, չնայած ներկայիս թվացյալ ներիշխանական կայունությանը, երբ թվում է, թե Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցներից մեկը` Ռոբերտ Քոչարյանը, բացարձակապես չի փորձում միջամտել ներքին գործընթացներին իր ավանդական ակնարկների կամ հարցազրույցների տեսքով, Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել համակարգի վրա իր գերիշխանությունը հաստատելու գործին:
Միևնույն է, ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ է, Սերժ Սարգսյանը լավ գիտե, որ նա տիրապետում է լծակների, որոնց կիրառմամբ կարող է լրջորեն անհանգստացնել Սարգսյանին` ազդելով նրա գործունեության վրա: Մինչդեռ ցանկացած նախագահի համար, հատկապես` Հայաստանի նման բարդ ներքին ու արտաքին իրավիճակում գտնվող, դե յուրե իշխանության դեպքում դե ֆակտո համարժեք իշխանություն չունենալը առաջացնում է լրջագույն վտանգ թե՛ իշխանական, թե՛ նույնիսկ անձնական անվտանգության տեսակետից: Խոսքն, իհարկե, միայն ֆիզիկական անվտանգության մասին չէ, այլ առաջին հերթին գուցե իրավա-քաղաքական: Այժմ Սերժ Սարգսյանը կարծես թե ակտիվորեն ձեռնամուխ է եղել ընտրական շրջանից հետո համարժեք իշխանություն հաստատելուն:
Դրանով են պայմանավորված այն տարատեսակ, առայժմ մեղմ, սքողված հարվածները, որ Սերժ Սարգսյանն անուղղակի ուղղում է իշխանության իր դե յուրե գործընկեր, իսկ դե ֆակտո մրցակից «Բարգավաճ Հայաստանին», որը առ այսօր ընկալվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահը սպասարկող կենտրոն: Ավելին` ԲՀԿ-ն կամ այսպես ասած` իշխանության քոչարյանական թևը Սերժ Սարգսյանի համար գուցե արդեն ոչ թե մրցակից է, այլ ուղղակի ավելորդ բեռ: Սերժ Սարգսյանը այդ բեռից ազատվելու գործում վճռական մեկնարկ է վերցնում` թե՛ այն պատճառով, որ ընտրությունից հետո պետք է անպայման հաստատել գերիշխանություն իշխանական ամբողջ համակարգի վրա` ցրելով սեփական թուլության մասին նվազագույն կասկածներն անգամ ու սանձելով համակարգն ամբողջությամբ, թե՛ այն պատճառով, որ գուցե հենց այժմ է համարում իրավիճակը նպատակահարմար:
Բանն այն է, որ այստեղ զգալի դեր ունի նաև ընդդիմությունը: Ընդդիմադիր դաշտում ագրեսիայի բացակայությունը իշխանությանը հաղորդում է թիկունքի «ապահովության» զգացում, ինչն անվտանգ է դարձնում ներիշխանական հարցերը լուծելու գործընթացը: Ընդդիմության ագրեսիվության բացակայությունը վերացնում է այն «հրեշին», որի կերպարով ավանդաբար Հայաստանում մի կողմ են դրվել բոլոր ներիշխանական վեճերը: Հիմա այդ «հրեշը» չկա, ինչը ենթագիտակցորեն ջրի երես է հանում ներիշխանական խնդիրները: Մյուս կողմից` ընդդիմության այդ մարտավարությունը Սերժ Սարգսյանին հնարավորություն էր տալիս փաստացի երկուստեք օգտակար գործ անել, դաշտում թողնելով միայն ընդդիմության և իր բևեռները:
Մեծ հաշվով, դա վատ չէ թե՛ ընդդիմության, թե՛ առավել ևս իշխանության համար: Ի վերջո, չի բացառվում որոշակի չբարձրաձայնված, զուտ հաշվարկային պայմանավորվածությունը ընդդիմության և իշխանության միջև, որի արդյունքում իշխանությունը մաքրում է դաշտը տարատեսակ մարգինալություններից, իսկ ընդդիմությունը չի խանգարում այդ գործին: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը հավասարապես ներգրավված լիներ այդ գործին, ինչը էապես կբարձրացներ դրա արդյունավետությունն ու հանրային օգտակարությունը:
Երկրի, պետության, հասարակության տեսանկյունից դա որևէ առարկայական և որակական փոփոխություն մոտ ապագայում չի խոստանում, քանի որ Սերժ Սարգսյանն իր մաքրած դաշտի «ավարը» դնելու է իր բևեռի տնօրինության տակ, չասենք «ազգայնացնելու» է այն: Ընդդիմության պարագայում էլ, այդ զարգացումը առանձնապես խոստումնալից հեռանկարներ չունի, քանի որ իշխանության կառուցվածքի փոփոխությունը չի ենթադրում որակի փոփոխություն տեսանելի հեռանկարում: Բայց գոնե այդ ամենը շարժ է ներկայիս մեռյալ թվացող կետից, երբ ներքաղաքական կյանքում շարունակում է դե յուրե գոյություն ունենալ մի ստատուս քվո, որը դե ֆակտո ստատուս քվոյի հետ չունի որևէ էական ընդհանրություն: Այդ համարժեքությունն առնվազն կարող է հասարակությանն էլ ստիպել առավել համարժեք մոտենալ առկա իրավիճակին և գտնել հետագա քայլերի ավելի ռացիոնալ և օպտիմալ լուծումներ, քաղաքական ուժերին կամ բևեռներին պատվիրակել առավել հստակ ձևակերպված և արդիական պահանջներ:












































