Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի նոր ղեկավար է ընտրվել ԵՄ-ի առաջատար քաղաքական ուժ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ, 63-ամյա իտալացի Անտոնիո Տայանին։
Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Մարտին Շուլցը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի քվեարկության երրորդ փուլի արդյունքներով։
Տայանիի օգտին Եվրոպական խորհրդարանում քվեարկել է 351 պատգամավոր, իսկ նրա հիմնական մրցակից, եվրոպացի սոցիալիստների խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ջանի Պիտելայի օգտին քվեարկել է 282 պատգամավոր։ Ձեռնպահ է մնացել 80 պատգամավոր։
Ընդհանուր առմամբ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնել է 7 պատգամավոր, սակայն ընտրվելու պոտենցիալ հնարավորություններ ունեցել են միայն Տայանին ու Պիտելան։ ԵԺԿ-ը Եվրոպական խորհրդարանում ունի 751 տեղերից 216 մանդատ, իսկ սոցիալիստները՝ 189 մանդատ։











































