Շվեդ կանայք սոցիալական ցանցերում սկսել են տեղադրել իրենց լուսանկարները, որոնցում կրում են մուսուլմանական հագուստ՝ ի զորակցություն մուսուլման կնոջ, որի վրա կատարվել էր փողոցային հարձակում, հաղորդում է BBC-ն:
2013թ. օգոստոսի 17-ին հղի կինը տեղափոխվել էր Ստոկհոլմի արվարձանի հիվանդանոց, այն բանից հետո, երբ չարագործները հանել էին նրա հիջաբը և գլուխը խփել մեքենային: Տուժածի հարազատների փոխանցմամբ՝ հարձակում գործած մարդիկ ռասիստական վիրավորանքներ են հնչեցրել:
Հիջաբով շվեդուհիների լուսանկարները հրապարակվել են Twitter-ում և այլ սոցիալական կայքերում: Դրանց նպատակն է ապահովել Շվեդիայի քաղաքացի հանդիսացող մուսուլման կանանց կրոնի ազատության իրավունքը:
Ցուցարարների թվում եղել են հայտնի քաղաքական գործիչներ և հաղորդավարներ: Ակցիայի մասնակիցները տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել են, որ ցանկանում են մարդկանց «ուշադրությունը գրավել Շվեդիայում մուսուլման կանանց դեմ խտրականությանը»:
Շվեդիայի արդարադատության նախարար Բեատրիսե Ասկը հայտարարել է, որ նման հարձակումներին անհրաժեշտ է վերաբերվել ամենայն լրջությամբ: Նա մտադիր է արշավթի մասնակիցների հետ հանդիպել այսօր՝ քննարկելու խնդիրը:









































