«Միացյալ Արմենիա» շարժման հիմնադիր, ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), պատրաստ է սատարել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ինչ ձևաչափով էլ վերջինս որոշի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց կարող է չընդգրկվել որևէ կուսակցության ցուցակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ալեքսանյանը:
«Պետք է նայել առաջ, լինել զիջողական, այլապես շատ մարդիկ խոսում են Սեյրան Օհանյանի անցյալի մասին, մարտի 1-ի դեպքերին նրա դիրքորոշման մասին: Ինչի՞ աչք չեք կոխում այն փաստը, որ Սեյրան Օհանյանը մեծ տարածքներ է ազատագրել: Պետք չէ մատի փաթաթան սարքել փոքր թերությունները: Քաղաքականության մեջ նրանից անբասիր մեկին հնարավոր չէ մատնանշել»,- ասաց Ամարասի Արթուրը:
Արթուր Ալեքսանյանը շեշտել է, որ «Միացյալ Հայաստան» շարժման առաջարկին՝ ստեղծել ԱԺ վերին պալատ, սատարում են Սերժ Թանկյանը, Հարութ Սասունյանը, Ալբերտ Բոյաջյանը, Սոֆի Թուֆենկյանը և սփյուռքի այլ հայտնիներ:
Նրա փոխանցմամբ՝ բացի ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից՝ բոլորն էլ իրենց հետ համագործակցում են՝ փորձելով իրենց գաղափարները ներառել սեփական նախընտրական ծրագրերում:










































