Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի (էմիտենտ) դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում` կայուն կանխատեսմամբ:
Միևնույն ժամանակ, Fitch-ը հաստատել է թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը B մակարդակում և երկրի առաստաղային վարկանիշը BB մակարդակում։
Ֆինանսների նախարարությունը այս լուրին հավելել է նաև այն, որ կառավարությունը երկրորդ տարին է կարողանում է նվազացնել բյուջեի դեֆիցիտը: 2012 թ.-ին բյուջեի դեֆիցիտը կրճատվել է մինչև ՀՆԱ-ի 1,4 տոկոսը՝ 2011 թ.-ի 2,8 տոկոսի փոխարեն:
Այս ցուցանիշին կառավարությունը կարողացել է հասնել հարկային մուտքերի ավելացման շնորհիվ, բայց պակասուրդի կրճատման մեջ մեծ բաժին ունի նաև ծախսերի կրճատումը:
Բյուջեի պակասուրդը կարող է նորից աճել 2014թ.-ին՝ հաշվի առնելով կենսաթոշակային բարեփոխման հետ կապված ծախսերը, որոնք առաջին տարում գնահատվել են ՀՆԱ-ի 0,5 տոկոսի չափով: Սակայն, միաժամանակ, 2013թ.-ից սկսած Fitch-ն ակնկալում է կայունացում:
Զեկույցում նշվում է է նաև, որ Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքի 7,2 տոկոսանոց աճն ապահովվել է գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության ոլորտների և ծառայությունների հաշվին: Այս ցուցանիշը 2013-2015 թթ.-ին, ըստ Fitch-ի, կլինի նախկինում արված կանխատեսումից ավելի բարձր՝ 5 տոկոս:










































