Անցյալ տարի Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանում աղմկահարույց միջադեպի գործով լրիվ նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ քննությամբ չի հիմնավորվել այն ժամանակ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կամ որևէ այլ անձի կողմից ինչպես գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, այնպես էլ մյուսների նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքը։
Հիշեցնենք, որ քաղաքապետի կողմնակիցները պնդում էին, որ Ա.Թումանյանը սպանության փորձ է կատարել եւ նրանց հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել։ Սակայն պարզվում է՝ քննության արդյունքում Քննչական կոմիտեն հերքել է սպանության փորձի վարկածը եւ պարզել, որ հենց Գրիգորյանի կողմնակիցներն են բռնություն գործադրել Թումանյանի նկատմամբ։ Ըստ մեր տեղեկությունների՝ Արթուր Թումանյանն ու նրա համախոհ Ստեփան Աբգարյանը 2016թ. սեպտեմբերի 16-ին՝ ուշ երեկոյան, վերջինիս «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով փորձել են ավտոմայրուղու մի հատվածից շրջադարձի համար նախատեսված վայրից վերադասավորվել և գնալ դեպի Էջմիածին քաղաք։
Այդ ընթացքում գործող քաղաքապետի ազգական Արամ Գրիգորյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենանան հարվածել է նրանց ավտոմեքենային, որից անմիջապես հետո դրանից իջած Գրիգորյան եղբայրները վազել են իրենց ուղղությամբ:
Արթուր Թումանյանը բախումից հետո իջել է ավտոմեքենայից, նկատել է նրանց մոտ ընկած ատրճանակ, որը վերցնելով Արթուր Թումանյանը նստել է Ստեփան Աբգարյանի վերոհիշյալ ավտոմեքենան և դիմել փախուստի դեպի Էջմիածին քաղաք:
Ճանապարհին մի քանի ավտոմեքենաներ են հետապնդել, և ըստ Արթուր Թումանյանի, գետնից վերցրած ատրճանակից ավտոմեքենայի դիմացի աջ փոքրիկ պատուհանից մի քանի կրակոցներ է օդ արձակել, որպեսզի դրանով վախեցնի և հետապնդողները դադարեցնեն հետապնդումը, սակայն, ի վերջո նրանք հասել են իրենց և ծեծի ենթարկել իրենց:
ՀՀ ՔԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված «Լեքսուս» 01 00 045, «Տոյոտա քեմրի» 45 ՍԼ 045, «Տոյոտա քեմրի» 10 RO 045 և ՎԱԶ 2106 մակնիշի 06 ՏՍ 001 հաշվառման համարանիշներով ավտոմեքենաների վրա հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Մեզ հաջողվեց պարզել, որ քրեական գործ է հարուցվել Թումանյանին եւ Աբգարյանին ծեծելու դեպքի առթիվ։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կարեն Արմենակյանը, Արսեն Կարապետյանը, Արամ Գրիգորյանը անձնական հարցեր պարզաբանելու նպատակով, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդել են Արթուր Թումանյանին և Ստեփան Աբգարյանին: Այդ ընթացքում վերջիններս ցանկացել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել, Արթուր Թումանյանին բռնել են Էջմիածին քաղաքի թիվ 6-րդ մանկապարտեզի մոտ եւ ծեծել՝ հարվածելով մարմնի տարբեր հատվածներին: Դրա հետևանքով թեկնածուն ստացել է ձախ աչքի վերին և ստորին կոպերի ենթամաշկային արյունահավաքների, ձախ աչքի սպիտակուցաթաղանթի արյունազեղման, ձախ ակնակապճի դրսային պատի, ձախ այտային աղեղի, ձախ հայմորյան ծոցի դրսային պատի կոտրվածքների և գլխուղեղի ցնցման ձևով մարմնական վնասվածքներ։ Պատճառված վնասվածքները դատաբժիշկները գնահատել են որպես միջին ցանրության։










































