«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի ռեակտիվ նոր համալիրներով, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի: Դրանց կոնկրետ թիվը չի նշվում. հայտնի է, որ խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական նմանատիպ «Սմերչ» համալիրների արդիականացված տարբերակը:
Նշենք, որ AR1A համազարկային կրակի ռեակտիվ համալիրը նախատեսված է հեռահար հրետանային հակամարգերի, հակաօդային պաշտպանության, հրթիռային ուժերի, միջուկային, քիմիական, կենսաբանական պաշտպանության ուժերի, կենդանի ուժերի կենտրոնացված խմբերի և զրահատեխնիկայի, թռիչքուղիների վրա գտնվող ուղղաթիռների, ինքնաթիռների, ՌՏԿ կայանների, անլար և լարով կապի կենտրոնների ճնշման կամ ոչնչացման համար:
AR1A մարտական մեքենայի փորձնական օրինակն առաջին անգամ ցուցադրվել է չինական NORINCO արտաքին առևտրային կորպորացիայի կողմից՝ IDEX-2009 ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում:
AR1A-ն կարող է կիրառվել ինչպես դիվիզիոնի, այնպես էլ մարտկոցի կազմում՝ որպես հիմնական կրակային ստորաբաժանում: Կատարելագործված մթնոլորտային համակարգի, հրամանատարության և կառավարման համակարգի, աջակցության համակարգի կիրառումը թույլ են տալիս իրականացնել արդյունավետ կրակային հարձակում՝ ցամաքային տարբեր թիրախների չեզոքացման նպատակով:
Մարտական մեքենայի հրետանային մասը կազմված է երկու տրանսպորտամեկնարկային կոնտեյներներից, որոնք լիցքավորվում են 300 մմ ուղղորդվող ռեակտիվ արկերից: Մարտական մեքենայի ներկայացված փորձնական օրինակն ունի սարք, որի օգնությամբ իրականացվում է կրակային դիրքի կոորդինատների ավտոնոմ տեղորոշման, թիրախի և օդերևութաբանական հաղորդագրությունների տվյալների ավտոմատիզացված ընդունման, ավտոմատիզացված ուղղորդման և հարվածի աշխատանքներ:
Վերլուծելով առկա տեղեկատվությունը՝ կարելի է գալ այն եզարահանգման, որ PHL03 մարտական մեքենայի, AR1A մարտական մեքենայի փորձնական օրինակի և ծովային սարքի փորձնական օրինակի համար կիրառվում են նույն տեսակի ուղղորդումներ, որոնք հնարավորություն ունեն արձակել 300 մմ տրամաչափի արկեր:
Հարվածի համար կիրառվում են 300 մմ տրամաչափի ուղղորդվող ռեակտիվ արկեր՝ առնվազն 130 կմ հեռահարությամբ: Մշակված է ուղղորդվող ռեակտիվ արկերի մի քանի տեսակներ:
BRE2 ուղղորդվող ռեակտիվ արկի թռիչքի հեռահարությունը կազմում է 60-130 կմ: Ֆուգասե գլխամասը կշռում է 190 (180 կգ), խոցման շառավիղը 100 մ է:
BRE3 ուղղորդվող ռեակտիվ արկի թռիչքի հեռահարությունը կազմում է 20-70 կմ: Գլխամասը կասետային է՝ 623 կումուլյատիվ-բեկորային մարտական տարրերով, որի ցրման շառավիղը 80-160 է, կումուլյատիվ շիթով զրահը ներթափանցելու խորությունը 50 մմ է:
BRE4 ուղղորդվող ռեակտիվ արկի թռիչքի հեռահարությունը կազմում է 60-130 կմ: Գլխամասը կասետային է: Մեկ գլախամասից կումուլյատիվ-բեկորային մարտական տարրի ցրման շառավիղը կազմում է 80-160 մ: Կումուլյատիվ շիթով զրահը ներթափանցելու խորությունը 50 մմ է:










































