Արաբական պետությունները պատրաստ են փոխհատուցել Արևմուտքի կողմից Եգիպտոսին տրամադրվող ֆինանսատնտեսական օգնությունը, որից Կահիրեն կարող է զրկվել երկրում ցուցարարներին ցրելու պատճառով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի հայտարարությունը, որն աջակցում է եգիպտական իշխանությունների դիրքորոշումը:
«Նրանք, ովքեր հայտարարել են, որ դադարեցնում են Եգիպտոսին ցուցաբերվող օգնությունը կամ սպառնում են անել դա, պետք է հասկանան, որ արաբական և իսլամական երկրները բոլոր առկա ռեսուրսներով առանց հապաղելու կօգնեն Եգիպտոսին»,- ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ Ալ-Ֆեսալի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության անդամ երկրները նախատեսում են քննարկել Եգիպտոսին ցուցաբերվող ֆինանսատնտեսական և այլ օգնությունը դադարեցնելու հավանականությունն՝ ի պատասխան ուժայինների և երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 800 մարդ:










































