Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ նորից չկարողացավ սկսել ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:
Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:
Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:
Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…
Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:
20 ամբաստանյալներից 5-ի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին, 3-ի նկատմամաբ կիրառված է գրավ, մնացած 12-ը գտնվում են կալանքի տակ:
20 ամբաստանյալները ունեն պաշտպաններ, հետևաբար ամբողջը կազմում է 40 մարդ, ավելացրած՝ 2 դատախազները, մեծ խումբ ուղեկցող դասակի ծառայողները, դատական քննության հրապարակայնությունն ապահովելու ցանկություն ունեցող բազմաթիվ լրագրողները, ամբաստանյալների հարազատները…
Այս գործի՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան մուտք լինելը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դատարանում նման մասշտաբի գործի քննության համար համապատասխան դահլիճ չկա: Միայն պաշտպանների, լրագրողների, ապա ամբաստանյալների մուտքը ու տեղավորվելը դահլիճում բավական ժամանակ է պահանջում, այն էլ՝ բնականաբար՝ ոչ բոլորն են տեղավորվում: Դատական նիստը այդ պատճառով սկսվեց բավական ուշացումով:
Դատական դեպարտամենտը այս նիստին նախապատրաստվել էր տեխնիկապես: Դատարանի շենքի առաջին հարկում՝ ճեմասրահում տեղադրվել էր մեծ էկրան, կազմակերպվել էր երկրորդ հարկի դահլիճում ընթացող նիստի հեռարձակումը հստակ պատկերով ու տեխնիկական ժամանակակից միջոցներով: Ամբաստանյալների հարազատների մեծ մասը, լրագրողների մի մասը դատական նիստին հետևում էին առաջին հարկի էկրանի առաջ:
Այնուամենայնիվ, դատական նիստը չսկսվեց, քանի որ այս անգամ ևս դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, ում վատառողջության մասին անընդհատ հայտարարություններ է անում նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը, այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Այս նիստի սկզբին նախագահող դատավորը հայտնեց, որ գրություն է ստացվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ ՔԿՀ-ից, որպեսզի նրան ուղեկցեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նախապես նշանակված դատական նիստին:
Այս գրությանը կից ուղարկվել էին նաև բժշկական տեղեկանք ու ՔԿՀ-ում կալանավորների անվտանգության ապահովման մասնագետի կազմած արձանագրությունը:
Ըստ բժշկական տեղեկանքի՝ կալանավոր Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, թույլատրվում է, որ նա մասնակցի դատական նիստերին, տեղաշարժվելու համար նա կարիք չունի պատգարակի, կարիք չունի նաև դատարան պառկած ներկայանալու: Այսինքն՝ ըստ բժշկական տեղեկանքի՝ Վահան Շիրխանյանը, տեղեկանքը կազմող բժշկի կարծիքով, կարող էր ոտքի ելնել ու քայլելով հասնել տեղափոխող մեքենային, ապա մտնել դատարանի շենք, դատական նիստերի դահլիճ բարձրանալ ու աթոռին նստած՝ ներկա գտնվել գործի դատական քննությանը:
Ըստ անվտանգության մասնագետի կազմած արձանագրության՝ նա մտել է կալանավոր Վահան Շիրխանյանի մոտ, որպեսզի նրան դուրս բերի ու հանձնի դատարան տեղափոխող ուղեկցող խմբին, սակայն Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ: Նա հայտարարել է. «Դատական նիստին կարող եմ մասնակցել պատգարակով ու՝ պառկած վիճակում: Չեմ կարող կանգնել, քայլել՝ ոտքերս չեն շարժվում, գլխապտույտ ունեմ…»:
Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, հետևաբար, այդ պարագայում, բժշկական տեղեկանքը կեղծ տեղեկություն է հաղորդում՝ թե Շիրխանյանը կարող է կանգնել, քայլել ու առանց պատգարակի, սեփական ոտքերով ներկայանալ դատարան:
Ըստ փաստաբան Ալումյանի՝ Վահան Շիրխանյանը արդեն մի քանի ամիս չի կարողանում տեղաշարժվել: Նա նույնիսկ չի կարողանում ՔԿՀ-ում իջնել այնտեղ, որտեղ կալանավորները լոգանք են ընդունում, չի կարողանում կանգնել ցնցուղի տակ:
Հայկ Ալումյանը նշեց, որ ՔԿՀ-ի նույն բժիշկը Վահան Շիրխանյանին անկողնային ռեժիմ է նշանակել. «Հենց հիմա Վահան Շիրխանյանը անկողնային ռեժիմի հիվանդ է»,- ասաց Հայկ Ալումյանը:
Նախագահող դատավորը նշեց, որ պաշտպանական կողմը ոչ մի բժշկական փաստաթուղթ չի ներկայացրել, որով կհավաստվի, որ Վահան Շիրխանյանը անկողնային ռեժիմի հիվանդ է: Եթե այդ բանը հավաստող բժշկական փաստաթուղթ չկա, դատարանին մնում է հավատալ այն տեղեկանքին, որը տրվել է առ այն, որ Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, ու նա կարող է առանց պատգարակի ու առանց պառկելու՝ ներկայանալ դատարան:
Հայկ Ալումյանը նշեց, որ ինքը պահանջել է բժշկական փաստաթղթերը, սակայն չեն տվել դրանք: «Ես Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին հայտարարեցի, որ դատարանն ի գիտություն ընդունի, դա է իրականությունը, և կա կեղծ տեղեկատվություն՝ թե Շիրխանյանը կարող է առանց պատգարակի տեղաշարժվել…»:
Փաստաբան Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանը ցանկանում է ներկայանալ ու մասնակցել դատական նիստերին, սակայն առողջական վիճակը թույլ չի տալիս դա անել ինքնուրույն:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը, նշելով, որ ինքը Վահան Շիրխանյանի շահերի պաշտպանը չէ, այնուամենայնիվ, որպես փաստաբան հայտարարեց. «Վահան Շիրխանյանը իր առողջական վիճակի պատճառով պատգարակ է պահանջել, դա նրա իրավունքն է, նրան պատգարակ պե՛տք է տրամադրվեր…»:
Ըստ Ինեսա Պետրոսյանի՝ արհեստականորեն ձգձգում են դատական քննությունը, կարող էին զանգել շտապօգնություն ու շտապօգնության մեքենայով տեղափոխել կալանավորին. «Մեր բոլորի պաշտպանյալների իրավունքները ոտնահարվում են՝ միգուցե՝ ՔԿՀ-ի վատ աշխատանքի պատճառով: Դատական նիստը նորից ձախողվեց ինչ-որ մարդկանց պատճառով: Կալանավորը պահանջում է պատգարակ՝ պետք է ապահովեն պատգարակով…»:
Փաստաբան Հովիկ Արսենյանը նույնպես հայտարարություն արեց՝ առաջարկելով, որ դատարանի կողմից նշանակվի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը միայն մեկ հարցի կպատասխանի՝ ի վիճակի՞ է Վահան Շիրխանյանը դատարան գալու, թե՞ ի վիճակի չէ: «Մենք մեղավորներ չենք փնտրում: Բայց մեր պաշտպանյալներից շատերին արհեստածին մեղադրանքներով պահում են կալանքի տակ…»:
Նախագահողը նշեց, որ Հովիկ Արսենյանի միջնորդությունը չի կարող քննարկվել: Այս պահին դատարանը մեկ բժշկական տեղեկանք ունի՝ առ այն, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է, նա կարող է ներկայանալ դատարան…
Դատական նիստը բուռն քննարկումից հետո հետաձգվեց:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 20-ին:











































