Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար արդեն իսկ առաջադրված են երեք փաստաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Աշոտ Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը: Վերջիններս, չցանկանալով խախտել կարգը, մինչ քարոզչության սկիզբը հրաժարվեցին գնահատականներ կամ մեկնաբանություններ տալուց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տիգրան Աթանեսյանը նշեց միայն, որ եթե գոհ լիներ Փաստաբանների պալատի աշխատանքից, չէր առաջադրվի:
Արա Զոհրաբյանը մինչև քարոզչության սկիզբը` ամսի 23-ը, չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ` նշելով, որ նախընտրական քարոզչության մեկնարկից հետո պատրաստակամ է պատասխանել հետաքրքրող բոլոր հարցերին: Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ արդեն ազատվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալի պաշտոնից և դուրս է եկել խորհրդի կազմից` վայր է դրել խորհրդի անդամի լիազորությունները:
Փաստաբան Աշոտ Թադևոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվել է 2013թ. օգոստոսի 17-ից և կավարտվի 2013թ. օգոստոսի 22-ին: Գրանցված թեկնածուները քարոզչությունը կարող են սկսել 2013թ. օգոստոսի 23-ից, որը կավարտվի 2013թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18.00-ին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագաh Ռուբեն Սահակյանի որոշմամբ, 2013թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 09:00-ից, կհրավիրվի Փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով` Պալատի նախագահի ընտրության համար: Քվեարկությունը կսկսվի 2013 թվականի սեպտեմբերի 14-ին` ժամը 09.00-ին, և կավարտվի նույն օրը` ժամը 17.00-ին:
ՀՀ փաստաբանների պալատը ստեղծվել է մինչ այդ Հայաստանում գործող փաստաբանական երեք միությունների հիմքի վրա և 2005թ. գրանցվել իրավաբանական անձանց ռեգիստրում: Այդ ժամանակից ի վեր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնում է փաստաբան Ռուբեն Սահակյանը, որն ընտրվել էր, ապա 4 տարի անց նաև վերընտրվել այդ պաշտոնում:










































