Մոտակա տարիներին Աֆրիկայի երկրները էականորեն կթարմացնեն առկա սպառազինումը և ռազմական տեխնիկան: Այս մասին հաղորդում է defence News-ը՝ վկայակոչելով մի քանի վերլուծաբանների կանխատեսումները:
Թարմացումները կիրականացվեն ահաբեկչության և իսլամիստական շարժումների դեմ պայքարի անհրաժեշտության համատեքստում: Ինչպես ակնկալվում է, առաջիկա տասը տարիներին աֆրիկյան տարածաշրջանը ռազմական տեխնիկայի և սպառազինության գնման համար կծախսի 20 միլիարդ դոլար:
Զիմբաբվեից ռազմական վերլուծաբան գնդապետ Ջոզեֆ Սիբանդի խոսքով՝ եվրոպական և ամերիկյան որոշ ընկերություններ արդեն սկսել են պատրաստվել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներին Աֆրիկայի երկրներ: Մասնավորապես, Colt Defense ընկերությունը հարավաֆրիկյան Truvelo Armory ձեռնարկության հետ 2013թ. օգոստոսին ստորագրել է համաձայնագիր Colt հրաձգային զենքի արտադրության վերաբերյալ՝ տարածաշրջանային ոստիկանության և զինված ուժերի համար: Համանման պայմանագիր է ստորագրել նաև Denel հարավաֆրիկյան ընկերությունը շվեյցարական B&T-ի հետ:
Ընդհանուր առմամբ աֆրիկյան պաշտպանական ձեռնարկությունները արտոնագրված արտադրանքի, համագործակցության և համատեղ մշակման համաձայնագիր են ստորագրել մի քանի խոշոր ընկերությունների հետ Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Մալայզիայից և Ֆրանսիայից: Շուկայում խոշորագույն խաղացող է Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն առաջիկա տարիներին սպառազինության համաշխարհային շուկա դուրս կգան նաև ձեռնարկություններ Արևելյան, Արևմտյան և Հյուսիսային Աֆրիկայից:










































