ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Մոսկվային, որ նա անտեսում է ԱՄՆ-ի շահերը ողջ աշխարհի հարգանքը նվաճելու փորձերում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
«Ռուսաստանի վերջին գործողությունները, երբ նա նվաճել է հարգանք և տեղ գլոբալ դաշտում, անտեսել են ամերիկյան շահերը»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ կապված՝ ՆԱՏՕ-ի անդամների անհանգստությունը տեղին է։
ExxonMobil-ի նախկին ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը գտնվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության համար ամենալուրջ մարտահրավերների թվում՝ Չինաստանից անմիջապես հետո։ Նա Վաշինգտոնի համար վտանգավոր սպառնալիք է անվանել նաև արմատական իսլամը՝ նշելով, որ «դա նոր գաղափարախոսություն չէ, այլ անօրինական, մահաբեր և ատելություն ծնող հոսանք»։ Թիլերսոնի կարծիքով՝ հաջորդը Իրանն ու Հյուսիսային Կորեան են։
Ավելի վաղ Թիլերսոնը հանդես էր եկել հօգուտ Ռուսաստանի հետ «բաց և անկեղծ» երկխոսության։










































