Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ի այնպիսի մրցակիցները, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, չեն կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ։ Սպիտակ տունն իրականացնում է ուղերձի առցանց հեռարձակում։
«Մրցակիցները, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, չեն կարող համեմատվել աշխարհում մեր ազդեցության հետ, եթե մենք չհրաժարվենք նրանից, ինչ պաշտպանում ենք և չվերածվենք հերթական մեծ երկրի, որն աչք է դնում իրենից փոքր հարևանների վրա»,-ասել է Օբաման։
Պետության ղեկավարը կոչ է արել ամերիկացիներին զգոն լինել, սակայն չտրվել վախի՝ ի դեմս արտաքին մարտահրավերների։
Նրա խոսքով՝ կազմակերպությունները, ինչպիսին է ԴԱԻՇ-ը, նույնպես չեն կարող հաղթել Ամերիկային, եթե միայն այդ պայքարում «մենք չդավաճանենք սահմանադրությանն ու մեր սկզբունքներին»։
Օբաման խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն փոխանցում։








































