Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Վաշինգտոնում ելույթ ունենալով Խաղաղության ինստիտուտում, հայտարարել է, որ ԱՄՆ օտար դաշնակիցներն ու գործընկերները փորձել են հասնել նրան, որ Բարաք Օբամայի գլխավորած ներկայիս վարչակարգը հրթիռային-ռմբային հարվածներ հասնցի Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին։
Նա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին, վճռականորեն կոչ է արել չհրաժարվել Իրանի միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածություններից։
Ավելի վաղ Թրամփը դատապարտել էր Իրանի ու «վեցյակի» միջև ձեռք բերված միջուկային այդ գործարքը։ Քերին ենթադրել է, որ անգամ, եթե Թրամփի վարչակարգը հրաժարվի միջուկային գործարքից, ապա «վեցյակի» գծով ԱՄՆ-ի գործընկերները կշարունակեն կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները։
Քերին ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ը հրաժարվի միջուկային գործարքից, ապա կհայտնվի նախկին իրավիճակում, որում գտնվել է դրանից առաջ, երբ իրենց վրա ճնշում էին գործադրում, որպեսզի ԱՄՆ-ը ռմբակոծեր Իրանը.
«Հավատացե՛ք ինձ, նման ճնշում եղել է»։ Քերին սակայն չի մանրամասնել, թե ում կողմից է եղել Վաշինգտոնի վրա ճնշում։ Ամերիկյան դիվանագիտության հեռացող ղեկավարը նաև հայտնել է, որ մինչ այժմ չի հանդիպել իր ենթադրյալ փոխարինող, ոչ վաղ անցյալում ExxonMobil կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլերսոնի հետ, որի թեկնածությունը Թրամփն առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։










































