NTD հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եվրոպայում հանգրվանած ներգաղթյալները տառապում են ուժգին ցրտից։ Մոտ 1500 ներգաղթյալ, որոնք բնակություն են հաստատել Բելգրադի լքված պահեստներում, ուժգին ցրտերի պատճառով հայտնվել են էլ ավելի ողբերգական վիճակում։
Փողոցում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -20 աստիճանի։ Իշխանությունների աջակցությունից զրկված մարդիկ հարկադրված են տաքանալ՝ այրելով աղբը։ Նրանք խարույկները վառում են անմիջապես շենքերի ներսում։
Պակիստանցի փախստականներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ ցրտի պատճառով ոչ ոք չի քնել անցած գիշեր, իրենք ստիպված նստել են կրակի շուրջ։
Ընդգծվում է, որ նրանք հանգրվանել են Սերբիայի ու Հունգարիայի սահմանին գտնվող Հորգոշ անցակետից ոչ հեռու։ Այստեղ ներգաղթյալներն ակնկալում են, որ հնարավորություն կունենան ներթափանցել Հունգարիա և ապաստան ստանալ այնտեղ։ Օրական թույլ են տալիս սահմանը հատել միայն 10 մարդու։
Չնայած ուժգին ցրտերին՝ ոչ ոք չի լքում ինքնաշեն ճամբարները։ Մարդկանց չի բավականացնում հագուստը։ Ինքնաշեն վրաններում ապրում են նաև երեխաներ։
Պաշտոնական տվյալներով՝ Սերբիայում գտնվում է մոտ 7000 ներգաղթյալ, որոնք հանգրվանել են լքված պահեստներում կամ ինքնաշեն վրաններում։ Նրանք հիմնականում Ասիայից ու Մերձավոր Արևելքից բալկանյան երթուղով են հասել Սերբիա։







































