Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը շուտով կստանան հայրենական արտադրության MPT-76 տիպի 500 ժամանակակից ինքնաձիգ, որը թողարկվում է Քըրըքքալեի զինագործարանում։
Այն արտադրում է Թուրքիայի մեխանիկական ու քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKEK): Մինչ այժմ թուրքական բանակի սպառազինությունում գտնվում են G-3 ինքնաձիգն ու MG-3 գնդացիրները, որոնց արտադրությունը մեկնարկել է 1968 թվականին։
MPT-76-ի նախագծի իրագործումը մեկնարկել է 2009 թվականին։ Նախագիծն ավարտվել է 2014 թվականի մայիսին։ MPT-76-ն արդեն իսկ անցել է ավելի քան 50 փորձություն, որոնց ժամանակ ծախսվել է մոտ 1.1 միլիոն փամփուշտ։
MPT-76-ի քաշը 4.2 կիլոգրամ է, արդյունավետ կրակոցի հեռավորությունը՝ 600 մետր, արագաձգությունը կազմում է րոպեում 700 կրակոց, փամփուշտի արագությունը՝ 800 մետր/վայրկյան, փողի երկարությունը՝ 406 միլիմետր։










































