Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող և նախօրեին ավարտված «Հարսնաքար»-ի գործով դատավարության գործընթացն ամբողջովին կրկնում է դատավարության ողջ ընթացքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծի գործով դատաքննությունը Ռուբեն Հայրապետյանի մեղսակցությունը ծածկելուն միտված գործընթաց է, որը նախաքննության մարմինը իրականացրել է բավականին անփույթ և ոչ պրոֆեսիոնալ կերպով:
«Նկատելի է, որ այս գործը ամբողջովին կիսատ ցուցմունքների և շատ վատ դիտարկված փաստերի հիման վրա է սարքված: Ինչ վերաբերում է հագուստների փորձաքննությանը, ապա ոչ ոք չի կարող իմանալ՝ դրանք հենց ամբաստանյալների՞ հագուստներն են, թե՞ այլ մարդկանց, որովհետև տուժածները պնդում են, որ իրենց վրա հարձակվել է 15-20 մարդ, և չեն կարողանում անգամ նշել, թե ովքեր են եղել նրանք»,- ասաց նա:
Հովհաննիսյանը հավանական համարեց, որ այդ հագուստները եղել են բոլորովին այլ անձանց հագուստներ, որոնք եղել են Ռուբեն Հայրապետյանի մտերիմ շրջապատից, այսինքն՝ անմիջականորեն կատարել են նրա պատվերը: Նախաքննության մարմինը գործը շատ կիսատ ուղարկել է դատարան, վերջինս էլ փութաջանորեն կոծկում է այդ գործը և շարունակում նախաքննության մարմնի սկսածը: Դատավարության հանգուցալուծումից Հովհաննիսյանը կտրուկ փոփոխություններ չի ակնկալում, որովհետև ամբողջ դատաքննության գործընթացը տարվել է ուղղորդված:
Նրա համոզմամբ՝ անգամ ամբաստանյալների խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրանք բավական լուրջ պարապած են, դատարանում կրկնում են նույն ցուցմունքները, իսկ մի քանիսը ցուցմունք տալուց ընդհանրապես հրաժարվել են, և որպես հիմք ընդունվել է նախաքննության ցուցմունքը, ուստի ինչպես ողջ գործընթացը, դատական որոշումը ևս լինելու է ուղղորդված:
«Կարծում եմ՝ դատավարության ավարտից հետո էլ պայքարը կշարունակվի տուժողների իրավահաջորդների կողմից, որոշումը կբողոքարկվի, այլ ատյաններում ևս կշարունակվի դատական գործընթացը»,- ասաց նա՝ նկատելով, որ պիտի լինի քաղաքական որոշում, որպեսզի Ռուբեն Հայրապետյանին հանձնեն:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 16-ին ավարտվել է «Հարսնաքար»-ի գործով դատավարությունը: Մեղադրող Արմեն Մարուխյանը դատարանից 15-օրյա ժամկետ է խնդրել՝ մեղադրական ճառին պատրաստվելու համար:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 2012-ի հունիսի 17-ին ռեստորանի աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց 12 օր անց` հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:











































