Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում շարունակվում են վերադասավորումներ տեղի ունենալ: Դաշինքների շուրջ քննարկումներից զատ՝ առանձին գործիչներ հնարավոր է լքեն իրենց կուսակցության շարքերը և ընդգրկվեն մեկ այլ կուսակցության ցուցակում:
Առավել բուռն քննարկումներ են այժմ ընթանում «Ժառանգություն» կուսակցությունում: Ինչպես հայտնի է՝ սուր տարաձայնություններ կան կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, ով օրերս հրապարակավ հայտարարել էր, որ կուսակցության ներկայացրած «իշխանափոխության մանիֆեստի առաջարկը» միայն Հովսեփ Խուրշուդյանի անձնական նախաձեռնությունն է, և ինքը դրա հետ համաձայն չէ:
Այս օրերին կուսակցության առանձին գործիչներ քննարկումներ են անցկացնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ի տարբերություն մարտի մեկին հրապարակային պայքարի դուրս եկած ընդդիմադիր այլ գործիչների, ովքեր Օհանյանին համարում են այդ ոճրագործության պատասխանատու՝ որպես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և ԶՈՒ գործողությունների համակարգող, Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը բավականին մեղմ, եթե չասենք՝ դրական են արտահայտվում Օհանյանի քաղաքականություն մտնելուն, ավելին՝ չեն բացառել համագործակցությունը նրա հետ:
Մեր տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը ևս դժգոհություններ ունի կուսակցության ներկայիս գործունեությունից և հնարավոր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցի մեկ այլ կուսակցության՝ «Ազատ դեմոկրատների» ցուցակով, զբաղեցնելով չորրորդ համարը: Ի դեպ, հենց այս կուսակցության հետ էր 2012-ին ընդառաջ դաշինք կազմել «Ժառանգություն»-ը, որը հետագայում խորհրդարանում շատ կարճ կյանք ունեցավ:
Տիկին Բախշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունն այն մասին, որ «Ազատ դեմոկրատներ»-ից համագործակցության առաջարկ է ստացել, ավելին՝ ասաց, որ որոշակիանալու դեպքում հանդես կգա հայտարարությամբ: «Ոչ միայն «Ազատ դեմոկրատներից», այլ ուժերից ևս առաջարկներ կան, առայժմ քննարկումների փուլում է՝ հստակ ոչինչ չկա: Երբ պահը գա՝ կհայտարարեմ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Ի դեպ՝ 2012 թվականին «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» համատեղ ցուցակը բավականին սուր քննադատությունների առիթ հանդիսացավ: Րաֆֆի Հովհաննիսյանի որոշմամբ՝ նախապատվությունը տրվել էր այնպիսի գործիչների, որոնք «Ժառանգության» հետ ոչ մի աղերս չունեին: Մասնավորապես, այս ցուցակով պատգամավոր դարձավ Ռուբիկ Հակոբյանը, ով հետագայում կուսակցությունից առհասարակ դուրս եկավ, պատգամավոր դարձավ Թևան Պողոսյանը, ով հայտնի էր ավելի շատ հասարակական գործունեությամբ և կուսակցության անդամ երբեք չի եղել: Իսկ «Ժառանգությանը» նվիրված և չորրորդ գումարման Ազգային ժողովում փայլուն գործունեություն դրսևորած, մշտապես ժողովրդի կողքին գտնվող «ժառանգականներ» Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը նման ցուցակի «շնորհիվ» զրկվեցին պատգամավոր դառնալու հնարավորությունից:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի








































