Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վստահ է, որ կանանց հասցեին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարությունները չեն ազդի Լոնդոնի և Վաշինգտոնի «առանձնահատուկ հարաբերությունների» վրա։ Այս մասին Թերեզա Մեյը հայտարարել է Sky News հեռուստաալիքի եթերում։
«Ես կարծում եմ, որ դա (Թրամփի հայտարարությունները) անընդունելի է։ Սակայն ԱՄՆ-ի հետ Մեծ Բրիտանիայի հարաբերություններն ավելին են, քան պարզապես հարաբերությունները, դրանք հիմնված են ընդհանուր արժեքների վրա»,-ասել է նա։
Նրա կարծիքով՝ Լոնդոնի և Վաշինգտոնի առանձնահատուկ հարաբերությունները կարևոր դեր են խաղում երկու երկրների համատեղ աշխատանքում՝ ուղղված կայունության, անվտանգության ապահովմանն ու ահաբեկչության հակազդմանը։ «Ես արդեն մի քանի շատ դրական զրույց եմ ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր հարաբերությունները՝ ի բարօրություն և՛ Միացյալ թագավորության, և՛ ԱՄՆ-ի»,-հավելել է նա։







































