Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը առանց հրապարակայնության նշում է իր ծննդյան օրը, բայց միտումնավոր թաքցնում է իր տարիքը՝ իրեն ենթակա կադրային ղեկավարների համար չափազանց երիտասարդ չերևալու համար: Այս մասին «Ռենհափ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է այդ երկրից փախած հյուսիսկորեացի դիվանագետ Թհե Յոն Հոն:
«Կիմ Չեն Ինը պետք է իր հետևից տանի շատ 30-40 տարեկան կադրային աշխատողների, և եթե բացահայտվի նրա տարիքը, մի՞թե չեն մտածի, որ ինքը հարմար է նրանց փոքր եղբայրը լինելու»,- ասել է Թհե Յոն Հոն:
Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ինի իշխանության գլուխ գալուց 5 տարից հետո ոչ մի տեղ չեն հրապարակվել պաշտոնական տվյալներ նրա ծննդյան ժամանակի և վայրի մասին: Ի տարբերություն նրա հոր՝ Կիմ Չեն Իրի և պապի՝ Կիմ Իր Սենի՝ Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ինի ծննդյան օրը չի նշվում որպես ազգային տոն:
«Կիմ Չեն Ինի ծննդյան օրը բացահայտ չի նշվում, բայց բոլորը գիտեն, որ դա հունվարի 8-ին է»,- նշել է նախկին պաշտոնյան:
Թհե Յոն Հոյի խոսքով՝ շշուկներ են շրջանառվում, որ Կիմ Չեն Ինը ծնվել է կա՛մ 1982 թ., կա՛մ 1984 թ.:










































