Համաշխարհային բանկը պատրաստ է Եգիպտոսին և Թունիսին առաջիկա երկու տարվա ընթացքում 6 մլրդ դոլարի ֆինանսական օժանդակություն ցուցաբերել: Բանկի նախագահ Ռոբերտ Զելիկն այս մասին հայտնել է Դովիլում կայանալիք «մեծ ութնյակի» նախօրեին հրապարակած հաղորդագրության մեջ:
Նրա խոսքերով` Համաշախարհային բանկն օժանդակություն կցուցաբերի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներից հետո առաջացած խնդիրները լուծելու համար: Զելիկը շեշտել է, որ այդ աջակցությունը ցուցաբերվելու է Արժույթի միջազգային հիմնադրամի և դոնոր այլ կազմակերպությունների հետ համատեղ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ մերձավորարևելյան նոր քաղաքականությունը ներկայացնելիս նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել միջազգային ֆինանսական հաստատություններին օժանդակություն ցուցաբերել հետհեղափոխական փուլում գտնվող արաբական երկրներին:









































