ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն անփութորեն է վերաբերվել անվտանգությանը և իր փաստաթղթերին, ինչի պատճառով ցանցահեններին հաջողվել է տեղեկություն գողանալ նրա համակարգերից:
«Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ակնհայտ անփութությունն է հնարավորություն տվել իրականացնել ցանցահենային հարձակումը: Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն հուսալի պաշտպանություն ուներ»,- գրել է Թրամփը:
Անցած տարվա հուլիսին WikiLeaks կայքը հրապարակել է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի անդամների նամակագրությունը, որից հետևում է, որ Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը նախընտրական քարոզարշավում միտումնավոր աջակցել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին` ի վնաս Բեռնի Սանդերսի: Դեմոկրատների նամակագրության արտահոսքը դարձել է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Դեբի Վասերման-Շուլցի պաշտոնաթողության պատճառը:











































