Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընտանիքի հետ մասնակցում էր Սուրբ Խաչի վրա 1713-րդ խաչի տեղադրման արարողությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ սա մեր ժողովրդի ամբողջականության պահն է, երբ բոլորը նույն կերպ են մտածում. «Ամենակարևորը միասնության արժեքն է, առավել ևս՝ հոգևոր մշակույթը և մոտեցումը եկեղեցու հանդեպ։ Դա, կարծում եմ, մեր ամբողջ արժեհամակարգի մեջ է»:
Հարցին՝ արդյոք մեր պատգամավորները, հանրությունը կարողանո՞ւմ են քրիստոնեական արժեքների հետ համահունչ ապրել, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ բարդ հարց է. այդ արժեքներն անընդհատ պրոցեսի մեջ են, և չի կարող մի ժամանակաշրջան լինել, որ հասարակությունն ամբողջությամբ կարողանա ընկալել:
Որքանո՞վ է Գալուստ Սահակյանն իրեն քրիստոնյա համարում։ «Իմ կրոնը հայ լինելն է, այս ամբողջության մեջ արժևորում եմ քրիստոնեությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ իհարկե՝ իր ժողովուրդը քրիստոնյա է, և ինքը հակված է քրիստոնեությանը, մերժում է աղանդները, բայց այն կրոնները, որոնք մարդկության պատմության արարումների ճանապարհ են անցել, անհրաժեշտ է հարգել:
Խոսելով եկեղեցաշինության մասին՝ նա նշեց, որ հենց եկեղեցաշինությունն է, որ պետք է կարողանա ժողովրդին դեպի հավատ տանել: «Յուրաքանչյուր հայի համար հայ քրիստոնյա եկեղեցին այն ճանապարհն է, որով փորձում է հավերժանալ մեր ժողովուրդը»,- ասաց նա:
Անդրադառնալով Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակին, որտեղ վերջինս կաթողիկոսին «նյութապաշտ» է անվանում, Գալուստ Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման իրողություններ չի սիրում. «Գոնե պետք է եկեղեցին անաղարտ թողնել և փորձել հասարակությանը ներկայացնել ոչ թե իրեղեն մարդկային կերպով, այլ աստվածային ներբերանգներով։ Նման երևույթները ինձ համար ընդունելի չեն»։
Հարցին, թե իր կարծիքով՝ կաթողիկոսը կարձագանքի՞ նամակին, նա պատասխանեց. «Նախ հայտարարությունը խորք չունի, և չեմ կարծում, որ այնքան խորքային պատասխան պետք է լինի, որ բոլորին պետք է բավարարի»:







































