Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր ևս հավաքվել էին Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի առաջ: Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը, ինքն այսօր անձամբ է հանդիպել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ: Նա վստահեցրել է, որ շուտով կհանդիպեն Հակոբին և կկարողանան միջնորդել, որպեսզի նրան վերադարձնեն հայկական կողմին:
Մեր այն հարցին, թե Դրագանա Ռանկովիչը գերիների փոխանակման վերաբերյալ որևէ բան ասե՞լ է, Արման Ինջիղուլյանը պատասխանեց. «Ոչ, մեզ միայն վստահեցրել են, որ ամեն ինչ անում են բանակցությունների արդյունքում Հակոբին տեսնելու համար: Ասում են՝ շուտով նորություններ կլինեն»:
Այս պահին ևս Հակոբ Ինջիղուլյանի հարազատները Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի առաջ են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը առաջնագծում մոլորվել է և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածք:











































