General Motors, Suzuki Motor և Toyota Motor խոշոր ավտոարտադրողները դադարեցրել են իրենց ձեռնարկությունների գործողությունները Եգիպտոսում՝ երկրում ծայր առած հուզումների պատճառով: Այս հայտնում է Al Arabiya-ն:
Ամերիկյան ավտոհսկան հինգշաբթի հայտարարել է Կահիրեում իր գրասենյակի փակման և արտադրության ժամանակավոր դադարեցման մասին:
«Մեր աշխատակիցների անվտանգությունը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի: Մենք իրավիճակը վերահսկողության տակ կպահենք»,- նշվում է GM-ի հայտարարությունում:
Ամերիկյան կորպորացիան Եգիպտոսում արտադրում է թեթև ավտոմեքենաներ, միկրոավտոբուսներ, թեթև բեռնատարներ: Այն երկրի քաղաքացիների համար ավելի քան 14 հազար աշխատատեղ է ապահովում:
Ճապոնական Toyota և Suzuki կորպորացիաները նույնպես դադարեցրել են իրենց գործարանների գործունեությունը՝ կապված Եգիպտոսում անկայուն քաղաքական իրադրության հետ:
Toyota-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցչի խոսքերով՝ հնարավոր է արդեն առաջիկա օրերին ձեռնարկությունը կրկին սկսի գործել սովորական ռեժիմով: Նա ընդգծել է, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մուսուլման եղբայրներ» շարժումը կոչ է արել օգոստոսի 16-ին Եգիպտոսում «ցասման ուրբաթ» անցկացնել:








































