Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել 291 մարդ: Ուրբաթ երկրում սգո օր է հայտարարված: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հերթական անգամ իսրայելցի թշնամու կողմից դավաճանության և ատելության ձեռքը բարձրացվել է մեր խաղաղ քաղաքացիների վրա լիբանանյան հիասքանչ շրջանում»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին: Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում մաղթել:
Միկատին ուշ երեկոյան խորհրդակցություններ է անցկացրել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ, որից հետո որոշվել է առավոտյան պետության ղեկավարի նստավայրում երկրի պաշտպանության խորհրդի արտակարգ հանդիպում գումարել:
Լիբանանյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումը կատարվել է Բեյրութի հարավում՝ շիայական «Հըզբոլլահ» խմբավորման շտաբի մոտ: Խմբավորումն այս օրերին նշում է 2006 թվականին Իսրայելի հետ պատերազմի ավարտը: ՆԳՆ ղեկավար Մարվան Շարբելի խոսքով՝ ականապատված մեքենան պայթեցվել է պիկ ժամի, ինչն էլ մեծ թվով զոհերի պատճառ է դարձել: Իրավիճակը բարդացրել է մի քանի շենքում բռնկված հրդեհը:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է նախկինում անհայտ «Սարայաթ Աիշա-Ում մուամինին» ահաբեկչական խմբավորումը:












































