«Սա կրիմինալ, անօրինական, թաքնված թանկացում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով հացի գնի ու քաշի անհամապատասխանության մասին, ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա՝ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումներին հաջորդած համընդհանուր, երբեմն չպատճառաբանված թանկացումների թվում հացի 10-30 դրամով թանկացման դեպքեր գրանցվեցին, դեպքեր էլ եղան, երբ հացի գինը մնաց նույնը, բայց պակասեց քաշը:
Սպառողների միության նախագահն ասաց, որ բազմաթիվ անգամներ գրավոր և բանավոր դիմել է համապատասխան կառույցներին, որ պետք է անել «քաշի բացահայտում»՝ համեմատելով ապրանքագնի հետ: Ըստ Արմեն Պողոսյանի՝ Սննդի անվտանգության պետական ծառայությունը և Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը պատճառաբանում են, որ դա իրենց գործառույթը չէ, իսկ նախագահի վերահսկողության ծառայության պետը հարցմանը չի արձագանքել:
«Ես ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ, որ այդ քաշի կեղծումը կա: Ժամանակին արել ենք, հիմա խնդիրն այն է, որ պետական մարմնի հետ համատեղ անենք, որովհետև իմ ասածը կլինի ահազանք, ոչ թե հիմք՝ պատժելու: Պատժելը նպատակ չէ, նպատակն է, որ զգաստանան ու բերեն նորմալ քաշի ու գնի: Հաշվարկները բերեն նորմալ համակարգի մեջ»,- պարզաբանեց Արմեն Պողոսյանը:
Նրա կարծիքով՝ Պետեկամուտների կոմիտեն նույնպես կարող է զբաղվել այդ հարցով՝ հարկման և գնագոյացման հարաբերակցությունն իրենք են որոշում, իրենց խնդիրն է:
«Այո, որքան ես տեղեկացված եմ՝ ալյուրն էժանացել է, հացը՝ թանկացել»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Արմեն Պողոսյանը նշեց, որ ալյուրի երկու երրորդը մեր երկիր ներկրվում է, «ալյուրի ներկրումից մինչև հացի վաճառք» շղթայում պետք է գտնել, թե որ օղակից է խնդիրը:










































