Հայաստանը պետք է շարժվի արտաքին քաղաքական այլընտրանքներ ստեղծելու ուղղությամբ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պաշտոնական այցին:
Քաղաքագետն ասաց, որ այսօր Հայաստանը պետք է անի այն, ինչ անում է անկախ երկիրը հնարավորություններ ձևավորելու համար: Ըստ նրա՝ դա արտաքին քաղաքականության համար այլընտրանքների ստեղծումն է: Պապյանի գնահատմամբ՝ ՀՀ-ն չափից ավելի խորացավ՝ միակողմանի հարաբերություններ զարգացնելով ՌԴ-ի հետ:
«Մենք մեր ամբողջ տնտեսությունը տվեցինք ՌԴ-ին, մեր անվտանգության համակարգը տվեցինք ՌԴ-ին, և այսօր ՌԴ-ն լավ է հասկանում, որ Հայաստանն այլևս այլընտրանք չունի, ուստի խաղարկում է այն, ինչ իր շահերից է բխում: Այսինքն՝ Հայաստանն արդեն ունենալով գրպանում՝ փորձում է սիրաշահել Ադրբեջանին:
Հայաստանը պետք է այլընտրանք ունենա ՌԴ-ի ապահոված անվտանգությանը, տնտեսական, էներգետիկ անվտանգությանը, պարենային անվտանգությանը»,- ասաց Արա Պապյանը՝ հավելելով, որ փոքր երկիրը կարող է անկախ լինել, եթե հավասարաչափ կախվածություն ունի տարբեր երկրներից: Եթե դա խախտվում է, ընկնում է հզոր մեծ երկրի ազդեցության ոլորտ, ուղեծիր, և այդ երկիրը վարվում է՝ ինչպես ցանկանում է: Ուստի, քաղաքագետի խոսքով, այլընտրանք է ԵՄ-ի հետ ստորագրվելիք Ասոցացման համաձայնագիրը, և ՀՀ-ն այլ ելք չունի, քան դա ստորագրելը, քանի որ դա վերջին հնարավորությունն է Հայաստանի համար, որովհետև դրանից հետո գոնե ինչ-որ հնարավորություններ կունենա:
«Ասոցացման համաձայնագիրը չունի ռազմական անվտանգության բաղադրիչ, որի համար մենք տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերություններ պետք է զարգացնենք, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, որպես համաշխարհային գերակա ուժի: Եթե ՌԴ-ն Հայաստանում կարող է ունենալ անվճար ռազմական բազա, ինչո՞ւ չի կարող ունենալ վճարովի ռազմական բազա ԱՄՆ-ը: Մենք Ղրղըզստանից ինչո՞վ ենք պակաս, նրանք դա կարողացան, չէ՞, ժամանակին անել: Հայաստանն ավելի շատ գումարի կարիք ունի»,- մեկնաբանեց Արա Պապյանը:
Գնահատելով նախօրեին Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպումը՝ Արա Պապյանը նշեց, որ ստորագրված բոլոր պայմանագրերը սարքովի էին, դրանց անհրաժեշտությունը չկար, պարզապես ճիգ էր գործադրվել հնարավորինս շատ փաստաթուղթ ստորագրել Պուտինի այցի ընթացքում, ինչին և հասան:
«Ռուսաստանի հիմնական խնդիրն էր Ադրբեջանի նավթագազային սեկտորի մեջ ավելի մեծ ոտատեղ անել, դա կարծես թե արեց, մի քանի համատեղ ծրագրերի համաձայնություն ձեռք բերվեց, կամրջի շինարարության, որն ավելի կմեծացնի առևտուրը: Այսօր ՌԴ-ն, շատ լավ հասկանալով, որ աստիճանաբար կորցնում է ազդեցությունը Հարավային Կովկասում, փորձում է առավելագույն փող քամել: Այսինքն՝ այսօր ՌԴ-ն ընկած է գումարի ետևից»,- ասաց Արա Պապյանը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































