Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվել է Ալբերտ Բոշյանի գործի դատավարությունը:
22-ամյա Ալբերտ Բոշյանը 2013 թվականի հունվարի 2-ի տոնական օրով, կեսգիշերին Երևանի Արտաշիսյան փողոցում գործող «Արև» խանութի մոտից իր վարած «ՎԱԶ-2107» տաքսի ավտոմեքենայով քաղաքացի Լազարեթյանին ու նրա կնոջը տեղափոխել է Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում գործող «Երևան սիթի» խանութի մոտ:
Ամուսինները տաքսուց իջել են ու մտել սուպերմարկետ՝ մեքենայի մեջ թողնելով իրենց անձնական իրերը: Երևի վստահել են երիտասարդ վարորդին: Վերջինս էլ, ըստ մեղադրանքի, ուղևորների գույքը հափշտակելու դիտավորությամբ մեքենան քշել ու հեռացել է՝ գողանալով մեքենայի մեջ Լազարեթյանների թողած պայուսակը, որի մեջ եղել է 5 հազար դոլար և 26 հազար 950 դրամի հագուստ ու այլ իրեր:
Ալբերտ Բոշյանին հայտնաբերել ու մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:









































