«Բիզնեսի զարգացման և այլ գործունեություն ծավալելու համար հաճախ վարկ վերցնելու անհրաժեշտություն է լինում, սակայն Հայաստանում դժգոհություններ կան ՝ կապված վարկերի բարձր տոկոսադրույքների հետ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքաարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Վ. Սաֆարյանը, անդրադառնալով հարցին, թե բանկային քաղաքականությունը Հայաստանում ինչքանով է օժանդակում ՓՄՁ-ների զարգացմանը, նշեց. «Տարիներ շարունակ մենք նույնպես դժգոհել ենք, որ վարկային տոկոսադրույքները բարձր են, հատկապես արդյունաբերական ոլորտի համար, և մենք միշտ բարձրաձայնել ենք, որ արդյունաբերական վարկերը պետք է լինեն 6-7 տոկոսի սահմաններում:
Վարկային քաղաքականությանը խոչընդոտ է հանդիսացել նաև մեր փողերի թանկ լինելը, դա կախված է նաև մեր Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձր լինելով, հիմա այդ տոկոսադրույքն արդեն իջել է, դարձել է 6,5 տոկոս, դա նշանակում է, որ ապագա վարկերը կարող են մի փոքր ավելի ցածր տոկոսադրույքով հասնել տնտեսվարողներին: Սա էապես կնպաստի մեր վարկային քաղաքականության արդյունավետ լինելուն և տնտեսվարողներն ավելի շատ կօգտվեն կոմերցիոն բանկերի վարկերից»:
Վ. Սաֆարյանի հավաստմամբ՝ վերջին 10 ամիսների տնտեսական ցուցանիշների համաձայն՝ ընդհանուր տնտեսությունը 0,4 տոկոսով է աճ արձանագրել, արդյունաբերությունը 6,5 տոկոսով: Նրա խոսքով՝ սա վկայում է պետական աջակցող վարկային քաղաքականության մասին:
Սաֆարյանի կարծիքով՝ վարկային քաղաքականությունն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է պետությունը միջպետական ցածր՝ 1-2 տոկոսադրույքով վարկեր վերցնի, «որոնք Համաշխարհային բանկից կամ Արժույթի միջազգային հիմնադրամից չպետք է լինեն, որովհետև նրանց տված վարկերը ուղղորդված են»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































