Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Մեծ Բրիտանիան անվանել է «չարիքի և դժբախտությունների աղբյուր»: Նա այս կերպ պատասխանել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որն Իրանն անվանել է սպառնալիք տարածաշրջանի համար:
«Վերջերս անգլիացիներն առանց ամոթի… Իրանն անվանում են սպառնալիք տարածաշրջանի համար: Սակայն բոլորը գիտեն, որ չնայած այդ մեղադրանքներին՝ հենց անգլիացիները միշտ եղել են սպառնալիքների, խռովությունների և դժբախտությունների աղբյուր»,- ասվում է Խամենեիի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ըստ Իրանի գերագույն առաջնորդի՝ վերջին երկու տասնամյակում Մեծ Բրիտանիան չարիքի աղբյուր է եղել տարածաշրջանի երկրների համար:
Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Իրանը «սպառնալիք է ներկայացնում Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի երկրների անվտանգության համար և Մեծ Բրիտանիան լիովին հետամուտ է Ծոցի երկրների հետ ռազմավարական գործընկերությանն ու շարունակում է աշխատել այդ սպառնալիքին դիմակայելու համար»:









































