Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը կրում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)՝ ասվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրավոր հայտարարությունում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ երկրի Գլխավոր շտաբը հայտնել էր, որ զինվորականների տեղափոխող ավտոբուսի մոտ պայթեցված ավտոմեքենան խլել է 13 զինվորի կյանք, վնասվածքներ պատճառել 55-ին։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
«Անջատողական ահաբեկչական կազմակերպությունը պատասխանատու է դրա համար։ Նա կիրառում է բոլոր հնարավորությունները։ Այդ ահաբեկչությունն անկախ չէ Սիրիայի և Իրաքի իրադարձություններից։ Թուրքիան գտնվում է մի քանի ահաբեկչական խմբավորումների ընդհանուր հարվածի տակ»,-ասվում է Էրդողանի հայտարարությունում։
Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի վճռորոշ պայքարն ահաբեկչության դեմ։











































