Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը 2017 թվականից պատրաստ է մասնակցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններին։
Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը՝ վկայակոչելով Բաքվում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։
Վրաստանն ու Ադրբեջանն այսօր ստորագրել են 2017 թվականի համագործակցության պլանը։ Փաստաթուղթը ստորագրվել է Իզորիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպման շրջանակներում։
Հասանովը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ռազմական կառույցների միջև 2017 թվականին ստորագրված համագործակցության պլանը կծառայի արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները, ռազմական կրթության ոլորտի, համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունները, աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցերը քննարկելու հնարավորությունները։











































