Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետությունում THAAD (Terminal High Altitude Area Defense) ամերիկյան զենիթահրթիռային համալիրներ տեղակայելու մասին պլանները փոփոխության չեն ենթարկվել։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստը։ Նա մեկնաբանել է Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Մոն Չժե Ինի խոսքերն այն մասին, որ THAAD համակարգերի տեղակայման հարցը տրվել է Սեուլում հաջորդ գերագույն իշխանության հայեցողությանը, քանի որ քաղաքական ներկայիս պայմանները հարմար չեն դրա համար։
Էռնեստը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ հակահրթիռային այդ մարտկոցների ծավալման պլանների որևէ փոփոխման մասին՝ կապված Հարավային Կորեայի քաղաքական ցնցումների հետ։
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կորեայի ժողովրդի անվտանգությունն ապահովելուն՝ կապված ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքի հետ։







































