Ազգային ժողովում այսօր քննարկվում էր նոր կանոնակարգ օրենքը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, որ պետք է ջանքեր գործադրվեին, որպեսզի սահմանադրական նորմերը լիարժեքորեն արտահայտվեին, վերծանվեին ԱԺ կանոնակարգ օրենքում: Պատգամավորի դիտարկմամբ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի հիմանական թերացումը վերահսկողական մեխանիզմների անհամապատասխանությունն է սանմանադրական՝ խորհրդարանական համակարգի համար նախատեսված դրույթներին:
Անդրադառնալով հարցին՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքներով թե առանց դաշինքների մասնակցությունն է ավելի արդյունավետ, Գ. Ջհանգրյանը նշեց, որ թեև ինքը չի մասնակցում քննարկումներին, բայց տեղյակ է, որ ՀԱԿ-ը նույնպես քաղաքական ուժերի և գործիչների հետ քննարկումներ է անում, շուտով ՀԱԿ համագումարը կլինի, և այդ մասին կբարձրաձայնվի:
«Ինձ համար ինքնանպատակ չէ ԱԺ գալը, եթե արհեստական դաշինքներ են ստեղծվելու, և այդ դաշինքներն անցնելու են ԱԺ, ապա ԱԺ-ում պառակտվելու են և դառնալու են տարբեր խոսափողներ՝ թե՛ քաղաքական, թե՛ այլ հարցերում կարծիքները չեն համընկնելու: Դաշինքի ստեղծումը ինքնանպատակ չի կարող լինել, առնվազն պետք է համախոհ ուժեր լինեն, գաղափարական ընդհանրություն ունեցող ուժեր լինեն, որպեսզի դաշինքների գոությունը արդարացվի, և դա չդառնա միայն կամուրջ՝ ԱԺ մուտք գործելու համար»,- ընդգծեց Գ. Ջհանգիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































