News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին հայտարարել է, որ 2020 թվականին Վրաստան այցելող միջազգային այցելուների թիվը կհասնի մինչև 8 միլիոնի, իսկ 2025 թվականին՝ 11 միլիոնի։
Կումսիշվիլին նման կանխատեսմամբ հանդես է եկել 2017 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ. «Ծրագրված է լրջորեն աջակցել զբոսաշրջության զարգացմանը։
Ներդրումներ կարվեն նաև զբոսաշրջային ենթակառուցվածքներում, կֆինանսավորվեն ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Վրաստանի ճանաչելիությունը մեծացնելուն։
Վրաստանը պետք է գրավիչ դառնա ինչպես օտարազգի, այնպես էլ տեղի զբոսաշրջիկների համար, որպեսզի երկրում հեշտ լինի ճամփորդելը»։
2016 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստան է այցելել ավելի քան 5.8 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 2.5 միլիոնը եղել են զբոսաշրջիկներ։










































