Միրոն Ցուկերմանի գլխավորությամբ գիտնականների խումբն ինտելեկտի և հավատի ուժի միջև ուղիղ կապ է հայտնաբերել: Փորձաքննության ընթացքում արված եզրահանգումները, սակայն, այնքան էլ չեն ուրախացնի հավատացյալներին:
Մի քանի տասնամյակ տևած 63 հետազոտություններից 53-ի ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ բարձր IQ ունեցող մարդիկ խուսափում են կրոնից նույնիսկ խոր ծերության ժամանակ: Գիտնականների կարծիքով՝ պատճառն այն է, որ խելացի մարդիկ ավելի մեծ շանսեր ունեն երջանիկ ընտանիք ունենալու և կյանքում ավելի մեծ հաջողությունների հասնելու համար, ինչն էլ նշանակում է, որ նրանք կրոնի կարիքն այնքան էլ չունեն: Այս մասին հաղորդում է The Indenpendent-ը:
Գիտնականները պարզել են, որ երկարատև փորձաքննության մասնակցիները, ովքեր ապրել են մինչև 91 տարեկան, ժամանակի ընթացքում փոխել են իրենց հայացքները կյանքի նկատմամբ: Դեռևս 1958-ին հետազոտող Մայքլ Արգայլը եզրակացրել է, որ ինտելեկտուալ երեխաներն առաջինն են ընկալում ինչ-ինչ կրոնական հասկացություններ և առաջինն էլ կասկածում են դրանց: Ժամանակի ընթացքում՝ մեծանալու հետ մեկտեղ նման երեխաներն ավելի քիչ շանսեր ունեն որևէ կրոնական ուղղության հետևորդը դառնալու:











































