Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմիրելը և Սղերթից ընտրված պատգամավոր Բեսիմե Քոնջան կալանավորվել են։
Այդպիսով, ԺԴԿ-ական կալանավորված պատգամավորների թիվը հասավ 12-ի։ ԺԴԿ խորհրդարանական խմբակցության մեկ այլ փոխնախագահ Իդրիս Բալուքենը կալանավորվել էր նոյեմբերի 4-ին։
Ընդգծվում է, որ Քոնջան ընդհանուր առմամբ երկու անգամ է ձերբակալվել։ Առաջին անգամ ձերբակալվելուց հետո նրան ազատ էին արձակել արդարադատական վերահսկողության պայմաններով։
Դատախազը բողոքարկել էր այդ որոշումը, ինչից հետո նա ձերբակալվել էր։ Կալանքի տակ վերցված ԺԴԿ-ական պատգամավորները մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու կամ ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու» համար։ Ընդգծվում է, որ կալանավորված պատգամավորները կտտանքների են ենթարկվել։







































