Ռուսաստանը մտադիր է աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, որը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:
«Իհարկե, բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք արդիական միջազգային հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով»,- ընդգծել է Պուտինը:
Ադրբեջանի նախագահը նույնպես նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ համաներկայացուցիչ, կարևոր դեր է խաղում հակամարտության լուծման գործում:
«Հակամարտության շուտափույթ լուծումը կբերի կայունության, կանխատեսելիության և տարածաշրջանում համագործակցության»,- հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հակամարտության լուծումը պետք է հիմնվի պատմական արդարության, միջազգային իրավունքի, միջազգայն կազմակերպությունների որոշումների վրա:





































