Հայկական հարցերը, Ղարաբաղյան կարգավորման խնդիրը չեն կարող շահարկվել ռուս-թուրքական հարաբերություններում, ինչպես եղել է պատմության շրջանում, որովհետև այսօր արդեն ունենք պետություն: Բայց նախ՝ Հայաստանը պետք է դառնա գործոն տարածաշրջանում, ձևավորի հզոր պետականություն, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պիտի վերջ տա «թփերի տակ թաքնվելու» գործելաոճին և սկսի հստակ հայտարարություններ անել՝ թույլ չտալով շահարկել Արցախի հարցը այլ պետությունների կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը՝ մեկնաբանելով թուրքական կողմի վերջին հայտարարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Թուրքիա-Ռուսաստան միջխորհրդարանական խմբի ղեկավար Ռեջաի Բերբերը հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ռուսաստանյան այցի և հանդիպումների արդյունքում Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ սա բլեֆ է, որովհետև իրականում ռուս-թուրքական հարաբերությունների կիզակետն այսօր Սիրիայի հակամարտությունն է: Գլխավորն այս իմաստով ավելի գլոբալ համատեքստն է, թե ինչ հարաբերություններ կկառուցի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ և ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերում: Իսկ մինչ այդ ռուսներն ու թուրքերը կարող են շարունակել այսպես ասած՝ «առևտուրը», և պարզ է, որ կօգտագործեն գործիքակազմ, որը մշտապես եղել է հայկական հարցը՝ որպես աճուրդի առարկա Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
«Հայաստանը պիտի կազմակերպի պինդ պետականություն, պիտի իմանան, որ կպատերազմենք մինչև վերջ: Այդ պատմական ենթատեքստը ուրիշ է. չունեինք պետություն, հիմա ունենք պետություն: Եթե մեզ հետ խաղում են նույն ձևով, ուրեմն այդ պետությունը պետք է լուծարել և վերջացնել»,- շեշտեց Լևոն Շիրինյանը:
– Պարոն Շիրինյան, մենք հիշում ենք պատմական փորձը, մասնավորապես՝ ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը և հայկական հարցի շահարկումը այս համատեքստում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը և Հայաստանին առնչվող մյուս խնդիրները կարո՞ղ են շահարկվել ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում, հատկապես ներկայիս բարելավման փուլում:
– Կարծում եմ՝ բարելավում չի լինելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև, նրանցից յուրաքանչյուրը պաշտպանելու է իր շահերը. ռուսները ձգտելու են մնալ Այսրկովկասում և եվրասիական սայլին կապած պահել Ադրբեջանը և Հայաստանը, թուրքերն էլ Այսրկովկաս ներթափանցելու փորձ են անելու, բայց այս բոլորը հիմա կախված է մի բանից: Առաջինը՝ Թրամփի և Այսրկովկասը Միացյալ Նահանգների ազդեցության գոտի դիտելու կամ չդիտելու պարագայից, ուստի կոչ եմ անում հայկական լոբբիստական կառույցներին գիշերուզօր աշխատել, որ այս տարածաշրջանը չդիտվի ռուսական ազդեցության գոտի, ինչպես չէր անում Օբաման և իր վարչակազմը:
Երկրորդը՝ Հայաստանը պիտի կազմակերպի պինդ պետականություն, պիտի իմանան, որ կպատերազմենք մինչև վերջ: Այդ պատմական ենթատեքստը ուրիշ է. չունեինք պետություն, հիմա ունենք պետություն: Եթե մեզ հետ խաղում են նույն ձևով, ուրեմն այդ պետությունը պետք է լուծարել և վերջացնել: Ուրեմն պատմական ենթատեքստը փոխվել է: Մենք պետականություն ենք և պիտի պաշտպանենք մեր ազգային շահը երկու պետություններով, բոլոր հնարավոր միջոցներով: Եվ ենթադրում եմ, որ եթե մեր հնարավորությունները շատ չլավանան Միացյալ Նահանգներում հանրապետական իշխանության կարգավորումից հետո, դժվար թե վատանան: Բացասական զարգացում կլինի միայն մի դեպքում՝ եթե Թրամփի վարչակազմը համաձայնի, որ Այսրկովկասը ռուսական ազդեցության գոտի է, ինչն էլ ուզում են ռուսները վերջին 15 տարիներին:
– Դուք ասում եք, որ բարելավում չի լինի Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ամեն դեպքում վերջին ամիսներին լարվածությունը երկու երկրների միջև զգալիորեն նվազել է, և երկու կողմերը փորձում են կարգավորել հարաբերությունները:
– Այո, որոշ փոփոխություն եղավ, բայց կրկին նրանց միջև համաձայնություն չկա. դանակները գրպաններում՝ իրար հետ ընկերություն են անում: Եվ դա շատ է եղել իրենց պատմության մեջ: Ես դա չէի անվանի բարելավում, կասեի՝ պարզապես մեղմացում: Իմ պատկերացումն այսպիսին է՝ եթե Պուտինը Թրամփի հետ լեզու գտավ, մնացած հարցերը կարգավորման կիջնեն:
– Թուրքիան այս համատեքստում գործելու է որպես ինքնուրո՞ւյն գործոն, թե՞ գործելու է ընդհանուր ամերիկյան քաղաքականության շրջանակներում:
– Քեմալից սկսած՝ թուրքերը գործում են որպես ինքնուրույն գործոն, «քցում են» բոլորին: Նախորդին չանդրադառնանք: Սա անպայմանորեն պետք է նկատի ունենալ, և լավագույնս պիտի օգտագործենք թուրքերի փորձերը Օսմանյան կայսրությունը վերածնելու ուղղությամբ՝ որպես ֆաշիզմի ռեակցիա և պանթյուրքիզմի օրինակ: Իսկ մենք բավարար աշխատանք չենք կատարում այս հարցում: Վստահ եմ, որ պատժվելու են, եթե շարունակեն այս սիրախաղը Պուտինի հետ՝ մի օր՝ թշնամի, մի օր՝ բարեկամ, մի օր գրկախառնվեն, մի օր իրար հայհոյեն: Նրանց հարաբերությունները ալիքաձև են: Ուրեմն պիտի լավագույնս օգտագործենք այդ հանգամանքը, և թփերի տակ թաքնվելը, որը բնավորություն է դարձել մեր արտգործնախարարության համար վերջին տարիներին, վնասից բացի՝ ուրիշ ոչինչ չի տալիս:
– Կարծում եք՝ ամեն դեպքում ռուսների և թուրքերի այս երկխոսության հիմնական թիրախը կամ օբյեկտը Սիրիայի՞ հարցն է, ոչ թե Հարավային Կովկասը:
– Անպայման, Սիրիան և ազդեցությունը Մերձավոր ու Միջին Արևելքում, հետո մյուս հարցերը, բայց գլխավորը դա է: Սիրիան, թուրքերի պատկերացմամբ, Օսմանյան կայսրության նախկին շրջանն է, ռուսների համար էլ՝ ռուսական ազդեցության գոտին ցարի ժամանակ: Իրավիճակը կրկնվում է, բայց ոչ բացարձակ իմաստով: Իրականում Ռուսաստանի համար կենսական է Ուկրաինան իր ազդեցության գոտի վերադարձնելը և պատժամիջոցներից դուրս գալը: Եթե պատժամիջոցները շարունակվեն, Ռուսաստանի հարցը 5-6 տարվա մեջ լուծվելու է, նա չափավորվելու է և դառնալու շարքային մի խոշոր պետություն, ոչ տերություն՝ ինչպես որ իրենք են ուզում՝ ելնելով իրենց կայսերական նկրտումներից: Մեզ էլ դիմանալ է պետք այս շրջանում: Ռուսներն ու թուրքերը անընդհատ, քիթ քթի տված՝ պիտի մեկ խփեն իրար, մեկ բարեկամանան: Սա կարծես շուկա է, «բազար է գնում», մինչև Թրամփը կասի իր խոսքը, որից հետո իրավիճակը կարող է խորությամբ փոխվել: Ինչ ձևավորվի, դրանից էլ կառաջանա այդ ալիքաձև շարժումը: Ռուսներն ամեն ինչ անելու են, որ ամերիկացիների հետ գնան խոսակցության:
– Որոշ արևելագետներ, արաբագետներ, ովքեր զբաղվում են Սիրիայի հակամարտության ուսումնասիրությամբ, ասում են, որ վերջին շրջանում նկատվում է որոշ համաձայնություն Սիրիայում թուրքական զինուժի, Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումների և ռուսական օդուժի գործողություններում: Այս տեսանկյունից եթե Ռուսաստանը և Թուրքիան իրոք համաձայնություն ձեռք բերեն Սիրիայի հարցի շուրջ, Ղարաբաղյան հարցը կարո՞ղ է շահարկվել Ռուսաստանի և Թուրքիայի կողմից: Համաձայնություն կարո՞ղ է լինել՝ նաև ի վնաս հայկական շահերի:
– Չէ, չի կարող լինել, և ես դա նորից կապում եմ Թրամփի իշխանության հետ: Կիզակետում այս հարցն է լինելու, որից հետո աշխարհակարգն այս հատվածում պահելու է իր կայունությունը: Եթե իջնենք ներքև, ուրեմն Ռուսաստան-Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ռուսների համար չափազանց կարևոր է Այսրկովկասում պահպանել հավասարակշռություն հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ, իսկ թուրքերի համար կարևոր է, որ խցկվեն Այսրկովկաս, ռուսներից ստանան զիջումներ: Կարծում եմ՝ այսպես էլ կշարունակվի:
– Բայց շատ վերլուծաբանների կարծիքով՝ Թրամփը հակված չի մրցակցել Ռուսաստանի հետ հետխորհրդային տարածքում՝ ներառյալ Հարավային Կովկասը: Ավելի շատ հակված է ճանաչել Ռուսաստանի շահերը նախկին խորհրդային երկրներում: Այդ դեպքում ի՞նչ զարգացում կլինի:
– Այդ դեպքում մենք կհայտնվենք «ռուսական սապոգի» կրնկի տակ, պարզ չէ՞: Հետևաբար ամեն ինչ պիտի անենք մեր պետականությունը հզորացնելու համար: Բայց ես շատ չեմ հավատում այդ սցենարին: Ուրեմն հանրապետականները Կովկասը հանձնում են ռուսների՞ն, հանձնո՞ւմ են Ուկրաինան: Բոլոր դեպքերում սա հարց է, ոչ թե պատասխան: Դրա համար էլ ասում եմ՝ այս շրջանը ամենավտանգավորն է և նաև սպասողական է: Սպասողական է նաև ռուսների համար, և պատերազմը կշարունակվի Սիրիայում այնքան ժամանակ, մինչև ռուսները համաձայնության գան ամերիկյան կողմի հետ Ուկրաինայի հարցով: Նրանք չեն խոսում մի հարցի մասին, որի համար կռիվ են տալիս: Ուստի Հայաստանին անհրաժեշտ է շատ արագ, անփորձանք անցկացնել այս ընտրաշրջանը և պետություն առաջացնել:
Գիտեք, ես զարմանում եմ ռուսների վրա. Ռուսաստանը երևի ԽՍՀՄ-ի ներուժի 10 տոկոսն էլ չունի, անհասկանալի է՝ ո՞նց են էսպես «թպրտում»: Նրանց ռազմական տեխնիկան, տեխնոլոգիաները հիմնականում Խորհրդային Միությունից մնացած բաներ են: Ընդհակառակը՝ ես հիմք ունեմ ենթադրելու, որ Միացյալ Նահանգները սահմանափակելու է ռուսական պետականության պոտենցիալը: Սա բխում է նախ՝ իրենց, երկրորդը՝ Եվրոպայի շահերից: Դրա համար էլ ռուսները աշխատում են ճեղքեր գտնել և փչացնել հարաբերությունները: Դրա մեջ կարգավորվում է նաև ռուս-թուրքական հարաբերությունների ընդհանուր համատեքստը, այդ պատճառով դժվարանում եմ ասել՝ ինչ կանեն: Բայց որ կփորձեն Կովկասում հավասարակշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում՝ ակնհայտ է, թեև կարող են նաև սադրանքի գնալ և հրահրել պատերազմ: Եվ այս պայմաններում, ինչպես արդեն ասել եմ, անթույլատրելի էր միացյալ զորախմբի առաջացումը. մեր ձեռքերը պիտի ազատ լինեին այս շրջանում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































