Այսօր ԱԺ քառօրյային ներկա էր 86 պատգամավոր։ Քվորումն ապահովվեց, և ԱԺ-ն անցավ իր քննարկումներին: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսօր իրենց գործընկեր Հրանտ Մադաթյանի ծննդյան օրն է, ինչին ԱԺ պատգամավորները ծափերով արձագանքեցին ու հետո անցան բնականոն աշխատանքի:
ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, շարունակելով Ընտրական օրենսգրքի կիսատ մնացած օրինագիծը, նշեց, որ իրենք նպատակահարմար են համարել երկու առաջարկ ընդգրկել Ընտրական օրենսգրքի փոփոխության մեջ: Առաջինն այն է, որ համայնքի ղեկավարը և ավագանու անդամի թեկնածուն պետք է հաշվառված լինեն համայնքում ոչ թե 2 տարի, այլ 6 ամիս:
Երկրորդ նպատակահարմար առաջարկն էլ այն է, որ քվեարկության ամփոփման փուլում ընդդիմության վստահված անձանց անհրաժեշտության դեպքում տրամադրվի գրանցամատյանից քաղվածք ընտրողների մասնակցության տվյալների մասին: «Սա էլ մեզանից՝ ընդդիմությանը»:
Այնուհետև առաջարկվեց այն դնել քվեարկության երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:
Վահան Հովհաննիսյանը վարման կարգի վերաբերյալ նկատեց, որ Գալուստ Սահակյանի մանկության իղձերը իրականացան այս օրենսգրքով, բայց մեր երազները չիրականացան (հավանաբար նկատի ունենալով այն, որ իրենց առաջարկները հաշվի չեն առնվել):
Դրանից հետո անցան քվեարկության, և օրինագիծը ընդունվեց 73 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:








































