Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի մոտ Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հավաքվում են ԿԽՄԿ-ի դիմաց` զինծառայողի որպիսության մասին հստակ տեղեկություններ պահանջելու համար: Այդ մասին Panorama.am–ին տեղեկացրել է Հակոբի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը:
«Ոնց հասկանում եմ ուրիշ ձև չկա Կարմիր խաչից որևէ բան իմանալու: Ոչ միայն ընտանիքի անդամները, այլ նաև բոլոր հարազատները: Ուրիշ ճար չկա», -փոխանցել է Արմանը:
Անդրադառնալով երեկ ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցին», որտեղ իբր հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծն այն պատճառով, որ «հոգնած լինելով չի ցանկացել կատարել իր հրամատարի հրամանը, այն է` ջուր բերել», Արման Ինջիղուլյանն ասել է, որ իրենք բոլորն էլ համոզված են` «Հակոբին հարկադրել են այդպես խոսել»: «Ու երեխեն ստիպված խոսացել ա: Հակոբը հաստատ ուրիշ երեխա յա, ուրիշ ձև ա մտածում ու մենք բոլորս էլ համոզված ենք` ստիպել են այդպես խոսել», -ասել է Հակոբի հորեղբոր տղան:
Հարազատները նաև զարմացած են, որ Հակոբի աչքերին հարցազրույցի ժամանակ ակնոց չի եղել, որը նա միշտ է կրել: «Ակնոցը Հակոբը երբեք աչքերից չի հանել, ու դա շատ մտահոգիչ է, պետք է աչքերին ակնոցը լիներ»,- փոխանցել է Արմանը:
Մանրամասները՝ Panorama.am-ում










































