Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի մեկնաբանությամբ՝ սահմանին ադրբեջանական ագրեսիան ծավալվում է հատկապես այն ժամանակ, երբ ամերիկյան կողմի հետ հանդիպման ժամկետներն են մոտեում: Նա այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց, որ սահմանին վիճակն ապակայունացնելով՝ փորձում են դիվիդենտներ քաղել, և որ ավելի հավանական է՝ փորձում են հասկանալ նախահարձակ լինելու դեպքում ամերիկյան կողմի ռեակցիան:
Բանախոսը նաև նշեց, որ սահմանի անկայուն վիճակը կապված է նաև ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ. «Ընտրություններում հաղթելու համար նախագահ Ալիևը կարող է ավելի սրել ադրբեջանական հանրության մեջ հայի հանդեպ ատելությունը և սահմանին միջադեպեր հրահրել, թեև հակված եմ այն կարծիքին, որ ադրբեջանական կողմը չի գնա արկածախնդրության և պատերազմ չի հայտարարի»:
Դ. Ջամալյանն ասաց, որ Ադրբեջանն իրավիճակը սրում է մինչև որոշակի սահման և դրանից այն կողմ չի անցնում, և եթե հայկական կողմի ռեակցիան կտրուկ է լինում, թշնամին մի որոշ ժամանակ կասեցնում է հարձակումը: Վերջին օրերին պատասխան հարվածի հետևանքով ադրբեջանական կողմն ունի հինգ սպանված, հայկական կողմը՝ չորս վիրավոր:
Ինչ վերաբերում է գերի ընկած մեր զինվորի ճակատագրին, ապա բանախոսն ասաց, որ ամեն ինչ արվում է՝ նրան ողջ-առողջ հետ բերելու համար. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տղան իրեն դավաճան չզգա։ Իր ծնողները իմանան, որ մենք հետևողականորեն աշխատում ենք և իրենց կողքին ենք: Ադրբեջանական կողմը պիտի իմանա, որ եթե կրկնվի Մանվել Սարիբեկյանի ճակատագիրը, կորուստներ է կրելու»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































