Երևանի քաղաքապետարանը «Երևան քաղաքում միկրոավտոբուսներով և ավտոբուսներով մեկ ուղևորի փոխադրման տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորման» մեջ վարորդների աշխատավարձերը չի ուռճացրել: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով «Մեդիամաքս»-ի հրապարակմանը, որի համաձայն՝ քաղաքապետարանն իր հաշվարկ հիմնավորման մեջ վարորդների աշխատավարձերի՝ իրականությանը չհամապատասխանող թվեր է ներկայացրել:
Արթուր Գևորգյանը պարզաբանեց, որ ՊԵԿ-ը լրատվամիջոցին ներկայացրել է տվյալներ, թե որքան աշխատավարձ են ստանում վարորդներն այսօր, երբ տրանսպորտի ուղեվարձը 100 դրամ է: Իսկ 150 հազար դրամ աշխատավարձ վարորդների համար, նրա խոսքով, նախատեսվում էր այն ժամանակ, երբ 150 դրամ կդառնար տրանսպորտի սակագինը, այսինքն՝ հաշվարկն այդ կտրվածքով էր արվել:
«ՊԵԿ-ը ներկայացրել է այն տվյալները, ինչ այսօր կա, երբ տրանսպորտի ուղեվարձը 100 դրամ է: Իսկ մենք հաշվարկ հիմնավորման մեջ ներկայացրել ենք, թե ինչու 150 դրամ պետք է լինի տրանսպորտի ուղեվարձը, որի դեպքում տրամաբանորեն պետք է բարձրանար նաև վարորդի աշխատավարձը՝ դառնալով 150-200 հազար դրամ, քանի որ վարորդները ևս նախկին աշխատավարձով չեն ցանկանում աշխատել: Այս հաշվարկն էր արված ընդամենը, ոչ թե այսօր է քաղաքապետարանն այդքան վճարում վարորդներին»,- պարզաբանեց Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք, որ «Մեդիամաքս»-ը ՊԵԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացել էր, որ «Երևանի ավտոբուս» և «Ավտոբուս» ընկերությունների ընկերությունների աշխատակիցները, ներառյալ վարորդները, հարկային մարմին ներկայացրած հաշվարկների հիման վրա 2013թ. առաջին կիսամյակում ստացել են հետևյալ միջին ամսական աշխատավարձերը. «Ավտոբուս» ՓԲԸ` 85 847.3 դրամ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ` 73 457.3 դրամ: Լրատվականը եզրակացրել էր, որ եթե քաղաքապետարանի տեղեկանքում նշված 150 000 և 200 000 դրամ աշխատավարձից հանենք հարկերը, որն առաջինի դեպքում կազմում է 37 080, իսկ երկրորդի դեպքում` 50 080 դրամ, ապա վարորդների «մաքուր» աշխատավարձը կկազմի, համապատասխանաբար, 112 920 և 149 920 դրամ, ինչն էապես տարբեր է հարկային մարմնի տրամադրած տվյալներից: Ուստի, հրապարակման համաձայն, քաղաքապետարանի ներկայացրած տվյալները իրականությանը չեն համապատասխանում:









































