Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին կոչ է արել դադարեցնել արյունալի հակամարտությունը Սիրիայում, ինչպես նաև դատապարտել վերջին ահաբեկչությունները, որոնք տարբեր երկրներում հանգեցրել են զոհերի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ես բոլորին քաղաքակիրթ ընտրության կոչ եմ անում. ո՛չ ավերածությանը, այո՛ խաղաղությանն ու սիրիացիներին»,-հայտարարել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա քարոզով դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին։
«Մենք չպետք է մոռանանք, որ Հալեպը քաղաք է, որ այնտեղ ապրում են մարդիկ՝ ընտանիքներ, երեխաներ, տարեցներ, հիվանդներ։ Ցավոք սրտի, մենք արդեն սովորել ենք պատերազմին, ավերածությանը, սակայն մենք չպետք է մոռանանք, որ Սիրիան վիթխարի պատմությամբ, մշակույթով ու հավատքով երկիր է։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի պատերազմը հերքի այդ ամենը»,-ասել է Ֆրանցիսկոս պապը՝ աղոթելով վերջին ժամերին տարբեր երկրներում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվածների ու վիրավորների համար։










































