Ռուսաստանը ապրիլյան պատերազմից հետո մի բան է հասկացել, որ Հայաստանում կա երկու ինստիտուտ, որոնք պահպանում են ինքնուրույնությունն ու սուվերենությունը՝ հայկական բանակը և ակտիվ հասարակությունը, ուստի այժմ քայլեր է ձեռնարկում այդ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հենց այս համատեքստում է քննարկում հայ-ռուսական միացյալ զորախմբի կազմավորման մասին նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը: Ստեփան Գրիգորյանը խիստ քննադատաբար է վերաբերվում այս իրադարձությանը՝ ասելով, որ Ռուսաստանը ծրագրում է աստիճանաբար իր ազդեցության տակ վերցնել նաև հայկական բանակը, որից հետո Հայաստանը ամբողջովին կդառնա Ռուսաստանի քայլերից կախված պետություն
«Ես մշտապես առաջնորդվում եմ միայն փաստերով, իսկ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը չի պաշտպանում մեր անվտանգությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
– Պարոն Գրիգորյան, ո՞րն է Ռուսաստանի շահը կամ ռազմավարական նպատակը: Ի՞նչ խնդիրներ պիտի լուծի միացյալ զորախումբը:
– Ես կասկած չունեմ, որ դա Ռուսաստանին պետք է: Ռուսաստանի ազդեցությունը ավելանում է, փաստորեն այդ ազդեցությունը հիմա տարածվում է մեր բանակի վրա: Դրանով սուվերենությունը տալիս ես Ռուսաստանին: Պարզ է, որ իրենք ուզում են ուժեղացնել իրենց ազդեցությունը Կովկասում, նաև ռազմական ոլորտում: Ես, ճիշտն ասած, հայերի, Հայաստանի շահը չեմ տեսնում:
Կարող են մի քանի տարբերակներ լինել: Օրինակ, այդ պայմանագիրը չի բացառում, որ այդ ուժերը կօգտագործվեն Վրաստանի դեմ, եթե Վրաստանը գնա դեպի ՆԱՏՕ: Այո, դա չի բացառվում: Եթե նայեք պայմանագիրը, դա ակնհայտ դառնա:
Երկրորդ, Ռուսաստանը ապրիլյան պատերազմից հետո մի բան հասկացավ, որ Հայաստանում կան երկու ինստիտուտներ, որոնք սուվերեն (ինքնիշխան) են՝ բանակը և հասարակության ակտիվ, անկախ մասը: Նրանք հասկացան, որ իրենք խնդիր ունեն այս երկու ոլորտներում: Նրանք կարող են Հայաստանի իշխանություններին հրաման տալ, և Հայաստանի իշխանությունները կկատարեն հրամանը, բայց պարզվեց, որ բանակին չեն կարող հրաման տալ, և բանակը կպաշտպանի հայ ժողովրդի շահերը: Կարծում եմ՝ Ռուսաստանը, հասկանալով դա, այժմ ուզում է իրենց ազդեցության տակ վերցնել նաև բանակի մի մասը:
Այսօր արդեն ակնհայտ է, թե ինչ էր ուզում Ռուսաստանը ապրիլյան պատերազմի ժամանակ. ուզում էր՝ մենք ինչ-որ բաներ զիջեինք Ադրբեջանին Ղարաբաղում, որպեսզի Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միություն: Բանակը դա թույլ չտվեց: Երկրորդը՝ հասարակությունը, փորձագետները, կամավորները ոտքի կանգնեցին, չթողեցին, որ դա կատարվի նաև միջազգային հանրությունում: Նրանք հասկացան, որ հարվածի տակ պիտի դնեն այդ երկու ինստիտուտները: Եվ գլխավոր նպատակը, կարծում եմ, դա է:
Տեսեք, պատերազմական գործողությունների ժամանակ այդ զորախմբի հրամանատարությունը անցնում է ռուսական կողմին: Զարմանալի է: Զորախումբը ձևավորվում է Հայաստանի տարածքում: Եթե ռազմական գործողություն սկսվի Հայաստանի դեմ, ինչո՞ւ պիտի հրամանատարությունը անցնի ռուսական կողմին: Անհասկանալի է: Նույնիսկ այդ կետն է շատ բան ցույց տալիս:
– Այսպիսով, կարծում եք, որ գլխավոր նպատակը հայկական բանակի ինքնուրույնությունը սահմանափակելն է:
– Իմ կարծիքով՝ Ռուսաստանի գլխավոր նպատակը դա է, պարզապես ես նաև Վրաստանի համատեքստը ասացի, կարող եմ շարունակել: Դա էլ կարող է լինել: Եթե վաղը մի բան էլ վերցնեն, մյուս օրը՝ նորից մի բան վերցնեն, շուտով չես ունենա բանակ, որ պաշտպանես Ղարաբաղի կամ Հայաստանի անվտանգությունը: Հայաստանը այդպիսով դառնում է ամբողջովին Ռուսաստանի քայլերից կախված պետություն, և Ռուսաստանի գլխավոր նպատակը հենց դա է:
– Իսկ ինչպե՞ս է գործելու այս զորամիավորումը Ղարաբաղում ակտիվ կամ լայնածավալ ռազմական գործողությունների պարագայում:
– Ֆորմալ առումով, եթե կարդում ենք պայմանագիրը, պարզ է, որ Ղարաբաղը չի մտնում դրա մեջ: Խոսքը գնում է Հայաստանի մասին, ոչ թե Հայաստան + Ղարաբաղ, և չեմ կարծում, թե Ռուսաստանը նպատակ է դրել պաշտպանել Լեռնային Ղարաբաղը: Բացի այդ, պայմանագիրը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին և Ռուսաստանի կովկասյան մասին: Այնտեղ հստակ գրված է, եթե սպառնալիքներ կան անկախ Հայաստանի համար, և եթե սպառնալիքներ լինեն Ռուսաստանի կովկասյան մասում, ստեղծվող զորախումբը պիտի պաշտպանի Ռուսաստանի կովկասյան մասը և Հայաստանը:
– Հակադիր տեսակետ ունեցող մարդիկ, ովքեր դրական են գնահատում միացյալ զորախմբի ստեղծումը, ասում են, որ սա հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների, ռազմական համագործակցության տրամաբանական շարունակությունն է, որովհետև Ռուսաստանն այստեղ ունի ռազմաբազա և այլն, և պետք չի քաղաքական շահարկումներով զբաղվել: Ի՞նչ կասեք այս մոտեցման մասին:
– Ես հարգում եմ տարբեր կարծիքներ: Ես ասում եմ իմ կարծիքը, որը հենվում է և՛ պատմության, և՛ այսօրվա պրակտիկայի վրա: Պատմությունից մենք գիտենք, որ երբ հայ ժողովուրդը Ռուսաստանին տալիս էր ամեն ինչ, Ռուսաստանը Հայաստանի տարածքներով լուծում էր իր հարցերը: Դասական օրինակը Կարսի մարզի հանձնումն է:
– Կարող ենք հիշել նաև 19-րդ դարի պատմությունը, ռուս-թուրքական պատերազմները, հաշտությունները և հայկական հարցը այդ համատեքստում:
– Այո, ճիշտ է: Ուրեմն կարևոր է այդ համատեքստը և այսօրվա պրակտիկան: Ես մշտապես հենվում եմ կոնկրետ փաստերի վրա: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը չի պաշտպանում մեր անվտանգությունը: Մարդիկ ասում են՝ բայց ի՞նչ եղավ, թող խորացնենք հարաբերությունները… Ես դեմ չեմ խորացնելուն, բայց ի՞նչ ցույց տվեց քառօրյա պատերազմը. Ռուսաստանի առաջին դեմքերը այդ պատերազմից հետո բացատրում էին մեզ, թե ինչու են զենք վաճառում Ադրբեջանին: Նրանք բացատրում էին դա բիզնես շահերով: Դրանից ավելի ի՞նչ եք ուզում լսել: Այսինքն՝ պրակտիկայում Ռուսաստանը չի պաշտպանում հայ ժողովրդի անվտանգությունը, պրատիկայում, իրական կյանքում: Զենքը ծախում են Ադրբեջանին, այդ զենքով Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա: Պարզ է՝ եթե Ռուսաստանը այդ մակարդակի զենքերը (Գրադ, Սմերչ, Սոլնցեպյոկ և այլն) չտար, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Միայն Իսրայելի դրոններով կամ Պակիստանից գնված զենքերով հեռու չես գնա: Ուրեմն ես շարժվում եմ ոչ թե զգացմունքներով, այլ փաստերով: Թող այդ մարդիկ ասեն՝ չէ, Ռուսաստանը մեր կողմն էր: Ռուսաստանը մեր կողմը չէ՛ր, դա ակնհայտ երևում էր ապրիլին: Ավելին, Ռուսաստանը նույնիսկ չմեղադրեց Ադրբեջանին այն բանում, որ Ադրբեջանը սկսեց պատերազմական գործողությունները, մինչդեռ ակնհայտ էր, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել:











































