Հայաստանում բնակվող վեց հազարից ավելի սիրիահայերից շուրջ հազարը Սփյուռքի նախարարության աջակցությամբ արդեն գտել են աշխատանք: Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց սփյուռքի նախարարության Մերձավոր Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը, սիրիահայերից շատերը սկզբնական շրջանում այստեղ մնալու ցանկություն չեն ունեցել և դրա համար էլ աշխատանք չեն փնտրել, սակայն երբ հասկացան, որ պատերազմը չի ավարտվում, սկսեցին փնտրել հարմար աշխատանք: «Սիրիահայերից շատերը, ովքեր աշխատանք ունեն, դեռևս շարունակում են աշխատանքային փնտրտուքները, մինչև չեն գտնում իրենց մասնագիտությամբ աշխատանք»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե բիզնես ոլորտում ներգրավվա՞ծ են սիրիահայերը, տիկին Ստեփանյանը պատասխանեց. «Սիրիահայերը այստեղ հիմնել են հատկապես փոքր և միջին բիզնես, սրճարաններ, ռեստորաններ, արագ սննդի օբյեկտներ, որտեղ առաջարկում են Սիրիայի հայկական ուտեստները»:
Նա ասաց նաև, որ սիրիահայերը նաև վարսավիրանոցներ են բացել այստեղ, կան մարդիկ, ովքեր մեքենաների վերանորոգման փոքր արհեստանոցներ են հիմնել, ինչպես նաև զբաղվում են ոսկերչությամբ:
Բիզնեսը կառավարելու համար էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ սիրիահայ ձեռնարկատերերի համար անցկացվել են սեմինարներ՝ ոլորտում դիրքերը ամրապնդելու և ճիշտ աշխատելու համար. «Սիրիահայ ձեռնարկատերերին մինչև հինգ միլիոն դրամի չափով վարկ է տրամադրվել՝ հինգ տարի տևողությամբ և տարեկան չորս տոկոս տոկոսադրույքով: Նպատակը մեկն է՝ խթանել նրանց բիզնեսի առաջխաղացմանը»:
Ինչ վերաբերում է մասնավոր կազմակերպություններում աշխատող սիրիահայերին, ապա նախարարությունից որևէ տեղեկություն չտրամադրեցին՝ ասելով, որ իրենք վերահսկում են միայն իրենց մոտ գրանցված սիրիահայերի գործունեությունը:









































