Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն խոստացել է զսպել հունգարացի այն քաղաքական գործիչներին, ովքեր հանդես են գալիս Տրանսիլվանիայի հունգարական փոքրամասնությանն ինքնավարություն շնորհելու պահանջով:
«Այս հայտարարություններն արդեն հասել են այն սահմանին, որտեղ մենք պետք է ասենք՝ բավական է: Ռումինիան իր վրա կվերցնի Բուդապեշտին իր տեղը դնելու պարտավորությունը»,- ասել է Բեսեսկուն՝ ելույթ ունենալով այսօր Տրանսիլվանիայի ամառային ճամբարներից մեկում: Մեկնաբանելով Բուդապեշտի քաղաքական գործիչների այն հայտարարությունները, որոնք վերաբերում են Տրանսիլվանիային ինքնավարություն շնորհելուն, Բեսեսկուն նշել է, որ «Հունգարիան տարածաշրջանում անկայունության օջախ է դարձել», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Նա Ռումինիայի հարևանությամբ գտնվող պետություններում ապրող իր համերկրացիներին կոչ է արել իրենց «բացառապես ռումինացիներ» կոչել: Ռումինիայում գրեթե մեկուկես միլիոն հունգարացիներ են ապրում, մեծամասնությունը՝ Տրանսիլվանիայի տարածքում: Ավելի վաղ այստեղ կայացել էր հունգար փոքրամասնության ներկայացուցիչների ժողովը, որը հայտարարել էր ինքնավարության ստեղծման մասին և պահանջել էր տարածաշրջանային մակարդակով հունգարերենը պաշտոնական լեզու հայտարարել:
Ռումինիայի կառավարությունն այդ գործողություններն անօրինական էր համարել: Մինչև 1918 թ. Տրանսիլվանիան Ավստրո-Հունգարիայի մասն էր կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում այն անցել էր Ռումինիային:











































