Օգոստոսի 1-ին մեկնարկել է Արցախում Հայազն կուսակցության կողմից կազմակերպված երկրորդ վրանային Բանակումի ծրագիրը: Բանակումին մասնակցել են շուրջ չորս տասնյակ երիտասարդներ:
Առաջին օրը ճամբարականները այցելել են Շուշի, որտեղ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն, երիտասարդներին ներկայացրեց Շուշիի ազատագրման գործողությունը, պատասխանեց նրանց հարցերին: Այնուհետև, ճամբարականները շարժվել են դեպի բանակավայր՝ Քաշաթաղի Խաչինտափ գյուղ: Բանակման ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ Հայազնի հետագա գործունեության, ազգային-ազատագրական և ազգային-հեղափոխական ռազմավարության և մարտավարության շուրջ:
Անցկացվել են ճամբարականների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը նպաստող միջոցառումներ:
Ճամբարականներին այցելել են վերլուծաբան Տիգրան Կյուրեղյանը, Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, Արցախյան Պատերազմի հրամանատար Արարատ Ծատուրյանը, Քաշաթաղի վարչակազմի ու Արցախի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև բազմաթիվ վերաբնակիչներ, հյուրեր արտերկրից:
Օգոստոսի 7-ին բանակավայրում կազմակերպվել է հիշատակի երեկո՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի նահատակների օրվան:
Երկրորդ բանակումը ավարտեց իր աշխատանքը օգոստոսի 9-ին:







































