«Կառավարության և ընդհանրապես իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարը անարդյունավետ է գնահատվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Նրա խոսքով՝ պետական պաշտոնյաները, հարկային մարմինները և նախագահի ինստիտուտը ընկալվել են որպես ամենակոռումպացված ինստիտուտներ:
Հոկտանյանի հավաստմամբ՝ հետազոտության շրջանակներում հարցվածների 24 տոկոսը նշել է, որ այս տարվա ընթացքում կաշառք է տվել:
Անդրադառնալով դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես առաջնահերթություն են հռչակել Հայաստանի գրեթե բոլոր կառավարությունները, սակայն վիճակը նույն է, Վ. Հոկտանյանը նշեց, որ դա առաջին հերթին քաղաքական կամքի բացակայությամբ է պայմանավորված. «Եվ կան նաև շատ այլ խնդիրներ, որոնց պատճառով մեր երկրում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում»:
Ինչպե՞ս է հնարավոր կոռուպցիայի դեմ պայքարն իրականացնել, երբ կոռուպցիայի տեսանկյունից ամենառիսկայիններից է համարվում նախագահի աշխատակազմը։ Այս հարցին ի պատասխան՝ Վարուժան Հոկտանյանը նշեց. «Միջազգային փորձը ցույց է տվել, որ շատ երկրներում այդ խնդիրը կա։ Ես չեմ ասում, որ ամեն տեղ իշխանափոխությամբ կոռուպցիան նվազել է, բայց կան օրինակներ, որ որոշ երկրներում իշխանություններն իրենք են հասկացել, որ դանակը ոսկորին է հասել և դիմել են լուրջ քայլերի»։
Մանրամասները՝ տեսանյութում:












































